ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հակակոռուպցիոն խորհրդի նիստն ամբողջությամբ նվիրված էր ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելման քաղաքականությանը, մինչև 2022 թվականն իրականացված աշխատանքներին. Հայկուհի Հարությունյան

20.02.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է Պետրոս Ղազարյանի հաղորդաշարին։ Հանձնաժողովի նախագահը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հակակոռուպցիոն քաղաքականության հերթական նիստին, կոռուպցիայի ընկալման համաթվի նվազմանը, կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների ստուգմանը և այլն։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև

Փետրվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը։ Ինչի՞ մասին էր այն։

Հակակոռուպցիոն խորհրդի նիստն այս անգամ ամբողջությամբ նվիրված էր ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելման քաղաքականությանը, մինչև 2022 թվականն իրականացված աշխատանքներին և արդեն առաջիկա ռազմավարության մեջ կանխարգելմանը՝ որպես քաղաքականության հատուկ ուղղության հնարավորությունների քննարկմանը։ Նիստն ամփոփում էր հիմնականում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հիմնադրումից հետո իրականացված աշխատանքներն առանձին ուղղություններով, դրանց արդյունքները դրական հաջողությունների տեսանկյունից, այն բացթողումներն ու խնդիրները, որոնց հանդիպել ենք, ինչպես նաև առանձին դեպքերում լուծումները, թե ինչ պետք է իրականացվեն առաջիկայում փորձի տեսանկյունից հաջողված դեպքերն ավելացնելու, իսկ արձանագրված խնդիրներն արդեն վերացնելու ուղղությամբ։

Կա քաղաքական կամք, կա պատժի ինստիտուտ: Այս երկու ինստիտուտները գործում են, բայց կոռուպցիայի ընկալման համաթիվը 3 միավորով հետ է գնում՝ առաջ գնալու փոխարեն։ Ինչո՞ւ։

Փորձեմ ավելի կենցաղային տեղայնացնել Ձեր հարցադրումը եթե փորձենք Երևանից գնալ Վանաձոր, դա մեր մեծ ցանկությունն է, որն այս պարագայում հավասար է քաղաքական կամքին, բայց դրա համար մեզ անհրաժեշտ է փոխադրամիջոց։ Նույնիսկ մեր լավագույն ցանկության և բարի մտադրության համար պետք է հենց այդ մեխանիզմը՝ ինստիտուցիոն համակարգը և դրա ֆունկցիոնալ շահագործման ապահովումը՝ որոշակի կանոններին համապատասխան։ Եթե հիմա ունենք կոռուպցիայի դեմ պայքարի համար քաղաքական կամք, սակայն իրագործումը պահանջում է նաև այդ կառավարումը, համապատասխան ինստիտուցիոնալ մարմիններ, դրանց ճիշտ և արդյունավետ աշխատանք, որպեսզի այդ կամքն ամենօրյա կյանքի տեսանկյունից վերածվի վարքագծի։

Ի՞նչն է խանգարում, որ այդ կամքը վերածվի վարքագծի։

Եթե կառավարման համակարգի տեսանկյունից ենք նայում, մենք՝ որպես նոր ձևավորված ինստիտուտ ունենք ընդամենը 3 տարի, որի ընթացքում առանձին դեպքեր հնարավոր է եղել կանխարգելել, բայց միայն մեկ ինստիտուտի ջանքերի և աշխատանքի շնորհիվ հնարավոր չէ։ Դրա համար էլ գործում են օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները և նրանցից յուրաքանչյուրն այդ քաղաքական կամքը պարտավորվում է իր ամենօրյա գործունեության մեջ դարձնել գործադիրի մաս, որպեսզի այդ արդյունքներն ավելի տեսանելի լինեն, արագ և որակով։

Կա՞ մեզ հայտնի մեկ դեպք, երբ պետական պաշտոնյան չարաշահել է իր դիրքը և իր ազգականը շահել է ինչ-որ մրցույթ։

Ոչ միայն մեկ դեպք, այլ դեպքերը շատ են։ Այո, այս պահին կան նաև հարուցված քրեական գործեր հենց այն փաստերի առնչությամբ։ Օրինակ՝ Վայք համայնքում տեղի ունեցած գնումների գործընթացի մասով ոչ միայն մեր ուսումնասիրությամբ, այլ նաև Դատախազության կողմից կա հարուցված քրեական գործ։ Նման տեսակի դեպքերն արդեն զգայունություն ունեն ոչ միայն պետական մարմինների, այլև քաղաքացիների շրջանում։ Քաղաքացիներն էլ են արդեն դրանք որպես կոռուպցիա ճանաչում՝ ի տարբերություն նախորդող ժամանակահատվածի, երբ ավելի շատ կաշառքն էր կոռուպցիայի դրսևորման համար ամենաճանաչելին քաղաքացիների շրջանում։

2020-2022-ին Հանձնաժողովի կողմից կատարվել է 689 անձի բարեվարքության ուսումնասիրություն։ Ո՞ր պաշտոնների համար են դիմել հիմնականում թեկնածուները, ի՞նչն է հիմք ընդունվում եզրակացության համար, եղե՞լ է դեպք, որ Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, բայց թեկնածուն պաշտոն է ստացել։

Պաշտոնները, որոնց հավակնող թեկնածուներն անցել են այդ բարեվարքության ստուգումը, հիմնականում սկսվել են դատավորներից, հաջորդը դատախազաներն էին ապօրինի գույքի բռնագազման մասով։ Այո, կան պաշտոնյաներ, որոնց տվել ենք բացասական եզրակացություն, սակայն պաշտոն են ստացել։ Սա հենց այն հակակշիռն է, որը համաթվի հիմքում ընկած ցուցիչներից է։ Ապագայում այդ ցուցիչը նվազելու փոխարեն կբարձրանա, որովհետև հենց այն որ Հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, բայց նշանակումներ եղել են, սա ևս վկայում է  այդ փոխզսպման մասին։

ՀՀ-ում 100-ից ավելի գրանցված կուսակցություններ կան և շատերի համար պարզ չէ կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունը, հիմնականում նվիրատվություններ են լինում, ունե՞ք մանդատ կուսակցությունների գործունեությունը վերահսկելու և հնարավո՞ր է պարզել՝ ինչպես են ֆինանսավորվում դրանք։

Այո, մենք ունենք այդ մանդատը։ Տեղի ունեցած բարեփոխումների մաս է կազմել կուսակցությունների գործունեության ֆինանսական վերահսկողության նոր որակական պայմաններով ներդրումը։ 2022-ին առաջին անգամ իրականացվել է կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների ստուգում: Դա բավականին լայնածավալ ուսումնասիրություն է, բացի ֆինանսական հաշվետվություններից՝ կուսակցությունների ղեկավար մարմնի անդամները ևս ներկայացնում են գույքի և եկամուտի հայտարարագրեր, այսինքն ոչ միայն կուսակցության, այլև րա ղեկավար կազմի ունեցվածքի և դրա օրինականության ստուգումն է ապահովվում:

Նախորդ տարի իրականացված փոփոխությունների արդյունքների հիման վրա օրենքը որոշակի սահմանափակումների առումով առաջարկեցինք չկիրառել: Սա ենթադրում է, որ հաշվետվության ստուգման արդյունքում պետական ֆինանսավորում ստացող 5 կուսակցությունները պետք է զրկվեին պետական ֆինանսավորումից: Պետք է նշեմ, որ առկա օրենսդրական բացերը, որոնք տեսականորեն հաշվի չէին առնվել, նաև դերակատարում ունեին նման որոշում կայացնելու համար, ինչի արդյունքում էլ որոշվեց որպես ընդհանուր համաներում 2022 թվականի համար պետական բյուջեի ֆինանսավորում տրամադրել կուսակցություններին՝ պայմանով, որ 2023-ից ամբողջ ծավալով և խստությամբ կկիրառվեն բոլոր պահանջները և կուսակցությունների ֆինանսավորման արդյունքում կորոշվի կազմակերպության բարեվարքությունը, ինչն էլ հենց կախարգելման հիմնական պահանջներից և պայմաններից մեկն է:

Հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։