ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովի տված 640 եզրակացությունից բացասական է եղել 70-ը, որից 2 տոկոսն է պաշտոնի նշանակվել

02.12.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը հյուրընկալվել է 1in TV-ի տաղավարում։

Հանձնաժողովի անդամը խոսել է բարեվարքության ուսումնասիրման ինստիտուտից, ներկայացրել բարեվարքության հարցաթերթիկի կառուցվածքը, ինչպես նաև որոշ վիճակագրական տվյալներ։

«Բարեվարքության ուսումնասիրության ինստիտուտը 2 տարի է ինչ ներդրվել է ՀՀ-ում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր կանխարգելիչ մանդատի շրջանակներում ստուգում է օրենքով սահմանված անձանց բարեվարքությունը, տալիս համապատասխան եզրակացություն, որի արդյունքում արդեն նշանակող մարմիններն իրենք են որոշում՝ արդյոք պետք է տվյալ անձինք ներգրավվեն պետական ապարատում, թե ոչ»։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք խնդիր չի առաջանում ԿԿՀ-ի եզրակացությունը հաշվի առնել կամ չառնելը նշանակող մարմնի հայեցողությանը թողնելը, Մարիամ Գալստայանը պատասխանել է

«Մարմինների անկախության, ինքնավարության և սահմանադրականության տեսանկյունից ԿԿՀ-ի եզրակացության պարտադիր լինելը նշանակող մարմինների համար բավականին խնդրահարույց կլինի, քանի որ անթույլատրելի է, որ մի մարմին մեկ այլ մարմնի համար պարտադիր որոշում կայացնի։ Չենք ուզում, որ մեր եզրակացությունը լինի այն մահակը, որով պետք է առաջնորդվեն պետական մարմինները։ Իհարկե, գովելի է, որ առնվազն այն հարցադրումները, որոնք մեզ համար մտահոգիչ են եղել, հնչեցվեն հարցազրույցի ընթացքում»։

Հանձնաժողովի անդամը, անդրադառնալով բարեվարքության ստուգման գործընթացին, նշել է, որ կա բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկ, յուրաքանչյուր թեկնածու լրացնում է այն, ուղարկում համապատասխան պետական մարմին, որից էլ Հանձնաժողովը ստանում է հարցաթերթիկը և դրա հիման վրա սկսում է գնահատումը։

«Հարցաթերթիկը բաղկացած է հետևյալ մասերից՝ անձի կենսագրական տվյալներ, կրթություն, աշխատանքային գործունեություն, անձի փոխկապակցվածությունը հանրային պաշտոն զբաղեցնող մեկ այլ անձին, փոխկապակցվածությունը քրեական ենթամշակույթ կազմող անձին, քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության ենթարկված եղել է, թե ոչ, և գույքային դրությունը։ Այս ամենի վերլուծության արդյունքում կատարում ենք եզրակացություն։ Եթե Հանձնաժողովի կողմից կան մտահոգություններ, նշում ենք, իսկ վերջում տալիս ենք դրական, բացասական կամ դրական վերապահումով եզրակացություն»,- նշել է նա։

Լրագրողի այն հարցին, թե ԿԿՀ-ի կողմից բացասական եզրակացություն ստացած թեկնածուի նշանակումից հետո ինչ անելիք ունի Հանձնաժողովը, Մարիամ Գալստյանը պատասխանել է

«Բարեբախտաբար, պաշտոնավարող անձանց պարագայում կարող ենք հայտարարագրերի ուսումնասիրության շրջանակներում այդ բացը լրացնել։

Բավականին շատ դեպքեր ենք ունեցել, որ մեր կողմից բացասական եզրակացություն ստացած անձինք և՛ նշանակվել են, և՛ չեն նշանակվել պաշտոնին։ Ունեցել ենք դեպքեր, որ ցուցակ է ներկայացվել, ՀՀ նախագահի կողմից այդ մարդկանց անունները հանվել են ցուցակից, և վերջիններս չեն նշանակվել։ Ցուցակից հանված անձանց կողմից ունենք բավականին շատ դատական գործեր»։

Մարիամ Գալստյանը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ

«2020-2022 թվականների ուսումնասիրության արդյունքում տվել ենք 640 եզրակացություն, բացասական է եղել 70-ը, որից երկու տոկոսն են նշանակվել պաշտոնի։ Դրական վերապահումով եզրակացույթունների դեպքում բարձր է տոկոսը, որ անձինք չեն նշանակվում»,- եզրափակել է նա։

Հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։