ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից փաստացի տնօրինվող գույքի մասին հարցադրումներ ուղարկել է ոչ միայն ԱԱԾ-ին, այլև բոլոր պետական մարմիններին

29.11.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարին։

Հանձնաժողովի նախագահը զրույցը սկսել է ԿԿՀ-ի դերի և առաքելության մասին խոսելով։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունի կարևորագույն առաքելություն՝ կոռուպցիայի կանխարգելում, բայց դա չի նշանակում պատժել, չի նշանակում ունենալ արդյունք, որն անպայման դատապարտում է, պարտադրում կամ վախեցնում։ Մենք՝ որպես պետական ինստիտուտ իշխանությունների բաժանման և հակակշիռների ձևավորման գործընթացում է, որ ունենք կարևորագույն դեր և առաքելություն»,- ասել է նա։

Ըստ Հայկուհի Հարությունյանի՝ 2018 թվականից հետո ՀՀ-ում բարեփոխումների օրակարգ մտած բարեվարքության ստուգման գործընթացը նոր գաղափար և գործառույթ է, որի իրականացումը մեծ հետաքրքրություն և նաև քննադատություն է առաջացնում այլ անձանց և պետական մարմինների շրջանում։

«ԿԿՀ-ի կողմից իրականացվող բարեվարքության ստուգման գործընթացը անմիջական և ուղիղ վկայությունն է այդ կանխարգելիչ մանդատի իրականացման վերաբերյալ։ Այսինքն՝ մենք ոչ թե ակնկալում ենք, որ նշանակող մարմինների փոխարեն որոշում կայացնենք և դառնանք պատասխանատու տարբեր մարմիններում թեկնածուների նշանակման համար, այլ մենք տալիս ենք կանխատեսումը, ռիսկը, որոնք կանխորոշելու են վարքագիծը և որոնց գնահատմամբ արդեն նշանակող մարմինը կկարողանա իր համար որոշում կայացնել»,- նշել է նա։ 

Նրա կարծքով՝ նոր մարմնի գոյությունն այդ գործառույթով բավականին մեծ ձեռքբերում է, և եթե նույնիսկ կա քննադատական վերաբերմունք, նշանակում է, որ առանձին թեկնածուներ կամ պետական մարմիններ հայտնաբերված փաստերից կամ դրանց նկատմամբ Հանձնաժողովի արտահայտած վերաբերմունքից և գնահատականից զգուշավորություն, զգոնություն ունեն, որովհետև հակառակ պարագայում անտեսելը, ԿԿՀ-ի մասին չխոսելը կնշանակեր՝ վերջինիս գործունեությունը որևէ արդյունք չի տալիս։

Հանձնաժողովի նախագահն ի պատասխան հարցին, թե արդյոք չկա անհրաժեշտություն ընդլայնելու ԿԿՀ-ի գործառույթները, որպեսզի տված եզրակացությունը լինի ավելին, քան խորհրդատվականն է՝ ասել է, որ իշխանությունների բաժանման տեսանկյունից Հանձնաժողովի եզրակացությանը իմպերատիվ բնույթ տալը նշանակելու է վերցնել մեկ այլ մարմնի դերն ու լիազորությունը, ինչը կոռուպցիոն համակարգի զարգացման միտում է։

«Մենք փորձում ենք հստակ ապահովել ճիշտ սահմանազատումը տարբեր պետական մարմինների լիազորությունների իրականացման գործընթացում, որպեսզի նաև այն համակարգը, որից մենք երկար ժամանակ դժգոհ էինք միանձնյա կառավարման վերից վար տարբերակով չաշխատի, այլ պետական մարմինները գործեն հորիզոնական մակարդակում և հակակշռեն միմյանց»։

Նա առաջարկել է հարցին նայել այլ տեսանկյունիցեթե ԱԺ-ն քվեարկում է թեկնածուի օգտին, ում Հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, ռիսկը և պատասխանատվությունը արդեն կրում է ԱԺ-ն։ Հանրային դիսկուրսի տեսանկյունից հարցադրումը ենթակա է փոփոխության՝ ինչպես է բացատրում ԱԺ-ն թեկնածուի վերաբերյալ քվեարկությունը։

«ԱԺ-ի կողմից վստահություն ստացած թեկնածուն հաջորդ պահից դառնում է պաշտոնատար անձ: ԱԺ-ի մանդատն այդ առնչությամբ ավարտվում է, Հանձնաժողովի մանդատը շարունակվում է, քանի որ այդ անձը դառնում է բարեվարքության ուսումնասիրության առարկա։ Այս հարցում որպես մեր աջակից և օգնական դիտարկում ենք ՀՀ քաղաքացուն, ով պետական մարմիններին դարձնում է հաշվետու վերջիններիս կայացրած որոշումների համար»,- նշել է նա։

Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ

«2020թ. մարտից մինչև 2022թ. հոկտեմբերի վերջ ԿԿՀ-ն տրամադրել է 634 բարեվարքության եզրակացություն, որից միայն 454-ը վերաբերում է 2022թ-ին: 634-ից 57-ը բացասական եզրակացություն են, որը կազմում է ընդհանուր թվի 3%-ը: Ընդ որում,  57-ի 3%-ը դեռ շարունակում է պաշտոնավարել, սակայն գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Այս առումով պետք է կարողանանք հանրային համագործակցությունը խթանել այնպես, որ քաղաքացին դառնա մեր գործընկերը, հաշվետու պահի նշանակված անձին, որ եթե նույնիսկ այդ ռիսկայնությամբ հանդերձ անձը նշանակվել է, միևնույն է ունենա հաշվետվության բարձր պահանջ և կարողանա իր վարքագիծը որևէ ձևով շտկել»։

Հայկուհի Հարությունյանն անդրադարձել է նաև Հանձնաժողովի կողմից տարբեր պետական մարմիններ ներկայացված պետական պաշտոնյաների հայտարարգրերի ուսումնասիրման դիմումին։

«Հանձնաժողովն իրացրել է օրենքով սահմանված լիազորությունը արդեն ոչ թե բարեվարքության ստուգման, այլ հայտարարագրերի ուսումնասիրության մասով: Սա ենթադրում է կոնկրետ ռիսկերի սահմանում և ռիսկերի համապատասխանելիությամբ կոնկրետ պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամների գույքային դրության ստուգում։ Նպատակը ընդհանուր համակարգում և անհատական մակարդակում անձի այնպիսի գործողությունների կանխարգելումն ու բացառումն է, որը չարդարացված կամ ոչ օրինական կերպով հարստացման էր տանելու: Ռիսկային ցուցիչ ընտրվել է կոնկրետ պաշտոնը: Ցանկում ներառված են ամենաբարձր պաշտոն զբաղեցնող սուբյեկտները: Սա նաև ազդակ է անպատժելիությունը վերացնելու տեսանկյունից, որ օրենքի առջև հավասարության պահանջը Հայաստանում իսկապես այլևս իրագործման ենթակա է։ Գույքի, եկամուտի վերաբերյալ տվյալ պարունակող հարցումներն ուղարկել ենք ոչ միայն ԱԱԾ-ին, այլև բոլոր պետական մարմիններն։ Նաև օպերատիվ ստուգման համար ուղարկվել է հարցադրում փաստացի տնօրինվող գույքի մասին։

Այստեղ մենք ունենք քաղաքացու և մամուլի օգնության կարիքը։ Գույքը, ավտոմեքենան, որը պարբերականության տեսանկյունից տեսանելի է, որ օգտագործվում է այդ պաշտոններ զբաղեցնող անձանց, նրանց ընտանիքի անդամների կողմից, բայց պաշտոնական տարբերակով չի երևում, մեր օգտագործման ենթակա տվյալ է։ Ինչքան շատ ստանանք նման տվյալներ, այնքան կհաջողենք, ինչի վստահությունը ես ունեմ»,- եզրափակել է Հանձնաժողովի նախագահը։

Հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։