ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել իրավիճակային հայտարարագրի ձևանմուշի փոփոխության որոշման նախագիծ

15.11.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մշակել և ՀՀ արդարադատության նախարարության կողմից e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 1-ի N 03-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը։

Նախագծով նախատեսվում է իրավիճակային հայտարարագրում սահմանել գույքի հայտարարագրի բովանդությունը կազմող փաստացի տիրապետվող գույքի վերաբերյալ տվյալները: Հիշեցնենք, որ Հանձնաժողովն իրավասու է հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում նրանից պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր։ Ինչ վերաբերվում է փաստացի տիրապետվող գույքին, նշենք, որ 2021 թվականի հունվարի 19-ին «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվել է, որ հայտարարատու պաշտոնատար անձինք պետք է ներկայացնեն իրենց տիրապետության տալ գտնվող փաստացի գույքի վերաբերյալ տվյալներ: Սակայն այդ նույն փոփոխությունը չի իրականացվել իրավիճակային հայտարարագրերում:

Օրենսդրական գործընթացին հանրային մասնակցության և դրա թափանցիկության տեսանկյունից մեծապես կարևորվում է որոշման նախագծում տեղ գտած հարցերի շուրջ մասնագիտական քննարկումների իրականացումը: Այս նպատակով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 1-ի N 03-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ առաջիկայում շահագրգիռ կառույցների մասնակցությամբ կհրավիրվի աշխատանքային քննարկում։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել օրենսդրությամբ սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով անձանց կողմից ներկայացվող իրավիճակային հայտարարագրում փաստացի տիրապետվող գույքի վերաբերյալ տվյալների ներկայացման իրավական հնարավորությունը: