ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների ներկայացվել է մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման հիմնական գործիքակազմերը

04.11.2022


Նոյեմբերի 4-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հյուրընկալել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրի (քոլեջի) մի խումբ ուսանողների։

Հանդիպման սկզբում ուսանողներն իրենց բնութագրումներն են տվել «կոռուպցիա» երևույթի մասին, ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարելու կարևորության իրենց ընկալումները, և թե ինչ է հարկավոր կոռուպցիան կանխարգելելու համար։

Այնուհետև, երիտասարդներին ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված այն ինստիտուտները, որոնք կոչված են կոռուպցիան կանխարգելելու և դրա դեմ պայքարելու համար: Խոսվել է Հանձնաժողովի գործունեության շրջանակի՝ կառուցվածքի, գործառույթների և ստորաբաժանումների լիազորությունների մասին: Անդրադարձ է կատարվել հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց շրջանակին, հայտարարագրերի միջոցով պաշտոնյայի նյութական միջոցների թափանցիկությանը, պետական պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ուսումնասիրության գործընթացին:

Ուսանողներին հատկապես հետաքրքրել է բարեվարքության ստուգման, հայտարարագրերի լրացմանն առնչվող մանրամասներ, թե ինչպես են տրվում բարեվարքության եզրակցությունները, ում կողմից և ինչ հետևանքներ կարող են դրանք ունենալ։

Ներկայացվել են նաև հանրային վերահսկողության այլ գործիքներ, մասնավորապես՝ azdararir.am կայքի միջոցով առերևույթ կոռուպցիոն դրսևորումներ պարունակող քաղաքացիներին հասանելի երևույթները համապատասխան մարմիններին հասցեագրելու կարևորությունը և դրանից օգտվելու մեխանիզմերը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեծապես կարևորում է մեր երկրում կոռուպցիան արմատախիլ անելու առումով հանրային համերաշխությունն ու համագործակցությունը, ուստի, համանման իրազեկող հանդիպումները տարբեր խմբերի հետ կրում են շարունակական բնույթ: