ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Խոշոր կանխիկ գումարի հայտարարագրումը, դրանցով կատարվող գործարքները ռիսկային են. Արամայիս Փաշինյանի հարցազրույցը՝ Mediahub.am-ին

01.11.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը հարցազրույց է տվել Mediahub.am լրատվական կայքին կանխիկ գումարների հայտարարագրման թեմայով։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանխիկ գումարների դեպքում կար հնուց եկած վատ վարքագիծ. մարդիկ պաշտոն ստանձնելիս իրենց առաջին հայտարարագրում ներկայացնում էին խոշոր գումար, որն իրականում չունեին, այն մտադրությամբ, որ հետագայում որոշակի կոռուպցիոն մեխանիզմներով այդ գումարն ունենալուց հետո կօրինականացնեն արդեն իսկ հայտարարագրած գումարները»,- ասել է Արամայիս Փաշինյանը։

Ըստ նրա՝ այս միտումը հիմա էլ կա, ուղղակի ռիսկերը մեղմվել են՝ հաշվի առնելով այն, որ 2019 թվականից սկսած Հանձնաժողովի ձևավորած օրենսդրական փոփոխությունների արդյունքում առանձնացվել են դրամական միջոցները։ Նախկինում կանխիկը և անկանխիկը միասին էր հայտարարագրվում, որևէ ձևով վերահսկելի չլինելով: 2019-ից սկսած դրամական միջոցները դասակարգվել են երեք բաժնի՝ կանխիկ, անկանխիկ, էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթներ:

«Եթե պետական պաշտոն զբաղեցնող անձի տարեկան եկամուտը մի քանի հարյուրավոր անգամներ գերազանցող մեծություն է, բնականաբար մեզ մոտ հայտարարագրերի վերլուծության, ուսումնասիրության ընթացքում բազմաթիվ հարցեր է առաջանում, ընդ որում՝ 2019 թվականի հունվարի 1-ից սկսած, պահանջվում է նաև լրացնել առկա գումարը և ծագման աղբյուրը»,-նշել է Արամայիս Փաշինյանը:

Արամայիս Փաշինյանի խոսքով՝ խոշոր կանխիկ գումարի հայտարարագրումը, դրանցով կատարվող գործարքները ռիսկ են պարունակում, սովորաբար ենթադրում են ստվերային եկամուտներ, համապատասխան ստվերային ծախսեր։

«Կանխիկ գումարի հայտարարագրման ռիսկերից մեկն էլ արդեն ունեցած գումարը հայտարարագրելն է կամ կանխիկ ձևով պահելը, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ խոշոր կանխիկ գումարի պահելու նպատակը կարող է լինել դրանց անվերահսկելի ձևով օգտագործելը, որը հանրային հաշվետվողականության և թափանցիկության առումով խնդրահարույց է։

Երբ մարդը կանխիկ գումար ունի, կանխիկով շարժերը՝ գույքի ձեռքբերում, օտարում կամ փոխառությունների տրամադրում, դրանք եթե չհայտարարագրվեն, հանձնաժողովի տեսանկյունից անվերահսկելի են՝ ի տարբերություն անկանխիկի, որտեղ բանկային շարժի միջոցով գործարքները վերահսկվում են»,- ասել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամը:

Ներկայումս «Հանրային ծառայության մասին» օրենքով՝ կանխիկով միանվագ 1 մլն դրամը գերազանցող ցանկացած գործարք, եկամուտ համարվում է ոչ օրինական, ինչպես նաև 2022 թվականին արդեն ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորումներով, ընդհուպ մինչև ֆիզիկական անձանց միջև 300 հազարը գերազանցող ցանկացած գործարք պետք է իրականացվի անկանխիկ:

«Կանխիկ գումարների հետ կապված ռիսկերից մեկն էլ այն է, երբ պաշտոնատար անձը, ենթադրենք, հինգ՝ ընդհուպ մինչև տասը տարի կանխիկ գումարներ է հայտարարագրում և դրանք որոշակի ոչ մեծ փոփոխություններով առկա են նաև վերջին ներկայացված հայտարարագրերում։ Ընթացքում տեսնում ենք, որ, ըստ հայտարարգրված տվյալների, այս տարիների ընթացքում պաշտոնատար անձը կամ ընտանիքի անդամը վարկեր է վերցրել. այստեղ կրկին հարցեր են առաջանում, թե խոշոր կանխիկ դրամական միջոցներ հայտարարագրելու պարագայում որքանով է ողջամիտ, որ մարդը այդքան գումար ունենալով վարկային բեռի տակ կմտնի, որը իր համար տոկոսների տեսքով հավելյալ պարտավորություն է առաջացնում»,-ասել է նա։