ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

20.10.2022


Հոկտեմբերի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար։

«Մեզ համար շատ կարևոր և առանցքային խնդիրներից է հանրային իրազեկումն ու կրթությունը՝ Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կայացման խթաններից ամենահիմնաքարայինը, որի հաջողելու պարագայում ես ինքս կհամարեմ, որ իմ առաքելությունն այս մասով՝ ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից որպես ներդրում կայացած է։

Հիմնական գաղափարը ՀՀ քաղաքացի կրթելն է, որն իսկապես պետության պաշտպանությունը ոչ միայն ֆիզիկական, այլև իրավական առումով ժողովրդավարական պետության գաղափարի տեսանկյունից համարում է իր առաքելությունը և այդ ուղղությամբ անպայման ունենալու է իր ներդրումը։ Իսկապես հավատում եմ, որ դա հնարավոր է ձևավորել կրթության միջոցով»։

ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանն իր հերթին հույս է հայտնել, որ հուշագրի ստորագրումից հետո կանցնեն իրագործման փուլ և մյուս տարի արդեն կարող են գնահատել արդյունքները։

«Այո, համաձայն եմ, որ միայն կրթված, իրազեկ, բարեխիղճ պաշտոնյաների և հասարակության լայն հատվածի իրազեկման պարագայում կունենանք այդ արդյունքը։ Առաջնայինը կանխարգելիչ միջոցառումների իրականացումն է, իսկ դրանք կրթության, իրազեկման և մեթոդական ուղեցույցների մշակման միջոցով կարող ենք հասցնել նպատակակակետին։ Երկուսից երեք տարի է՝ Ակադեմիայում իրականացվում է «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը և մենք պատրաստակամ ենք համագործակցելու կրթության, մեթոդական մշակման, դասավանդման, փորձի փոխանակման ուղղությամբ»։

Հայկուհի Հարությունյանը նշել է, որ Հանձնաժողովը կարողացել է ապահովել, որ  առնվազն 3 միջազգային դոնոր կազմակերպություն այս պահին կրթությունը և հանրային իրազեկումը ներառեն իրենց օրակարգում որպես առաջնահերթություն և այս ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն կոնկրետ գործողություններ։

Ստորագրված հուշագրով կողմերը կհամագործակցեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող իրավաբանական, ուսումնակրթական բնույթի ծրագրերի իրականացման, գիտական կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման, գիտական, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակման, համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման և կողմերի լիազորված աշխատակիցների միջոցով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և լուծման, Կառավարման ակադեմիայի մագիստրանտների պրակտիկայի կազմակերպման, կողմերի գործունեությանն առնչվող հանրամատչելի նյութերի հրատարակման, ինովացիոն, դրամաշնորհային ծրագրերի համատեղ իրականացման և համագործակցության ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով: