ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման թեմայով հանրային իրազեկման արշավ՝ Վանաձորի մանկավարժների և դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանում

20.10.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շարունակում է մեր երկրում հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման հանդիում-քննարկումները: Մանկավարժների և դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանակում հերթական հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին ՀՀ Լոռու մարզում՝ Լոռու տարածաշրջանային բազմագործառութային պետական քոլեջում:

«Հակակոռուպցիոն քաղաքականություն և բարեվարքություն» անվանումով հանրային իրազեկման երկրորդ հանդիպմանը մասնակցել են մարզի հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժներ և աշակերտների ծնողներ:

Որպես բանախոսներ՝ հանդես են եկել Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները։

Մասնակիցներին ներկայացվել է կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության տարածման և բարեվարքության համակարգի կարևորությունն ու այս ուղղությամբ կատարված աշխատանքների որոշ մանրամասներ: Խոսվել է կրթության և իրազեկվածության միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի առաջիկա ծրագրերի մասին:

Բավականին ակտիվ և մասնակցային քննարկման ընթացքում հնչել են թեմային առնչվող տարաբնույթ հարցեր, ինչպես նաև ներկայացվել են ուսումնական հաստատություններում կոռուպցիայի կախարգելման թեմատիկան առավել խորացված և համակողմանի դասավանդելու համար առկա կարիքները:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը համանման հանդիպումներ առաջիկայում նախատեսում է Հայաստանի Հանրապետության այլ մարզերում և մայրաքաղաքում: