ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՀՀ Լոռու մարզից մի խումբ երիտասարդներ հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

17.10.2022


Հոկտեմբերի 17-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի և Ալավերդու բուհերի և քոլեջների մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: Ուսանողների այցը Հանձնաժողով կազմակերպվել է Վանաձորի «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ նախաձեռնությամբ:

Մինչև Հանձնաժողովի բուն գործառույթներին ծանոթանալը՝ ուսանողները շրջել են աշխատասենյակներում, ծանոթացել կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին և աշխատանքների կազմակերպման ընթացքին:

Ուսանողներն անհատական գործնական զրույց-քննարկման ընթացքում ներկայացրել են իրենց պատկերացումներն ու ընկալումները կոռուպցիա երևույթի, դրա դեմ պայքարի կարևորության և իրենց հնարավոր մասնակցության մասին։ Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Սասուն Համբարձումյանն ներկայացրել է Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, վարչությունների գործառույթները և կատարված աշխատանքը։

«Քաղաքացիների կողմից կոռուպցիայի դեմ անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերելու առումով չափազանց կարևոր են համանման հանդիպումները, որոնք մեծապես նպաստում են երիտասարդների իրազեկվածության բարձրացմանն ու հանրային վերահսկողության մեծացմանը»,-իր խոսքում ասել է Սասուն Համբարձումյանը:

Մասնակիցները հետաքրքրվել են հայտարարագրման համակարգի հնարավորությունների, բարեվարքության ուսումնասիրությունների և կրթական ծրագրերի տարածման ուղղությամբ տարվող աշխատանքներից:

Հանդիպման վերջում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Վանաձորի «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի հետ ակտիվ համագործակցության համար արժանացել է վերջինիս «Շնորհակալագրին»: