ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Քննարկում՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի վերաբերյալ

13.10.2022


Հոկտեմբերի 12-ին Երևանի Իբիս հյուրանոցում տեղի է ունեցել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի վերաբերյալ քննարկում։

«Տարիներ շարունակ այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել օրենքի գործարկման շրջանակներում՝ մեր աշխատակիցները ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ փորձել են հավաքագրել և գտնել դրանց լուծման ուղղությունները։ Սա ևս մեկ հարթակ է, որ բոլորս միասին կարողանանք հասկանալ, թե որ ուղղությամբ ենք շարժվում, և նոր օրենքը լինի բոլորիս պատկերացրածն ու հնարավորինս կարողանա ծածկել բոլոր բացերը»,- նշել է Հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը՝ շնորհակալություն հայտնելով շահագրգիռ մարմիններին՝ օրենքի նախագծի վերաբերյալ հետաքրքրություն ցուցաբերելու և քննարկմանը մասնակցելու համար։

Օրենքի քննարկման ժամանակ Հանձնաժողովի աշխատակիցները՝ յուրաքանչյուրն իրեն վերաբերող կետերով ներկայացրել է, թե որոնք են ԿԿՀ-ի հիմնական առաջարկվող փոփոխությունները։ Այնուհետև տեղի է ունեցել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ շահագրգիռ մարմիններից և այլ անձանցից ստացված դիտարկումների և առաջարկությունների քննարկում։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավար Բարբարա Ջեյմսը։ Նա կարևորել է օրենքի քննարկումը Հայաստանի` կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության համար։

«Հայաստանի բարեվարքության ծրագիրն աջակցել է ԿԿՀ-ին՝ վերացնելու օրենսդրական բացերն ու իրավական անորոշությունները բազմաթիվ իրավական փաստաթղթերում, որոնք վերաբերվում են Հայաստանում կոտռոպցիայի կանխարգելմանը։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում  և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի նախագծի կազմումը նպատակ է հետապնդում ապահովելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը»,- նշել է Բարբարա Ջեյմսը։

Հիշեցնենք, որ  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում  և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի նախագիծը տեղադրվել է e-draft կայքում Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկումների համար` նախքան ԱԺ-ի ընդունմանը ներկայացնելը։