ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ արված աշխատանքներն ու առաջիկա անելիքները քննարկվել են գործընկեր-կառույցների մասնակցությամբ

12.10.2022


2022 թվականի հոկտեմբերի 7-ից 9-ը Ծաղկաձորում կազմակերպված արտագնա աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ ընթացիկ տարում կատարված աշխատանքները, ինչպես նաև նախանշվել են մինչև տարեվերջ և հաջորդ տարի նախատեսվող անելիքները:

Աշխատաժողովը կազմակերպվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի նախաձեռնությամբ:

Աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել 2019-2022 թվականների ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության կատարման ընթացքի և դեռևս նախագծային փուլում գտնվող 2023-2025 թվականների ռազմավարական ուղղությունների մասին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցներն անդրադարձել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց գույքի, եկամուտների և շահերի թափանցիկության մեխանիզմների և որոշակի պաշտոններ զբաղեցնող անձանց բարեվարքության ուսումնասիրության համակարգի արդյունավետությանն ու առկա խոչընդոտներին, ինչպես նաև ներկայացրել վարչարարությանը և կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական և հանրային իրազեկվածության ծրագրերի կատարման ընթացքն ու առաջիկա անելիքները:

ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են այս ուղղությամբ որոշակի իրավական կարգավորումների կարիքները, նաև այսպիսի քննարկումների միջոցով կարևորել երկու կառույցների ինչպես միմյանց, այնպես էլ Ծրագրի հետ առավել ակտիվ համագործակցությունը: