ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«The Chandler Good Government Index»-ի 2022 թվականի զեկույցում անդրադարձ է կատարվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությանը

10.10.2022


 The Chandler Good Government Index-ը (CIG) ստեղծված է պրակտիկանտների կողմից՝ չափելու աշխարհի 104 կառավարության կարողություններն ու արդյունավետությունը։

CIG-ը միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Սինգապուրում: Այն կապված չէ որևէ ազգային կառավարության կամ քաղաքական կուսակցության հետ և չի ներկայացնում որևէ կուսակցական կամ առևտրային շահ:

CIG-ն աջակցում է կառավարություններին առաջնորդության, հաստատությունների և հանրային ծառայությունների կարողությունների ձևավորման գործում՝ վերապատրաստման ծրագրերի, խորհրդատվական գործընկերությունների և գիտելիքների ստեղծման միջոցով:

«Բարեվարքության նոր մշակույթի սնուցում Հայաստանում» խորագրի ներքո զեկույցի 90-93-րդ էջերում անդրադարձ է կատարվել Հայաստանում կոռուպցիայի կանխարգելմանը միտված քաղաքականությանը: Լրագրողի հարցերին պատասխանել է ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը. հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

«Չնայած Հայաստանն արդեն ավելի քան 30 տարի անկախ երկիր է՝ խորհրդային ժամանակաշրջանի ժառանգությունը շարունակում է մարտահրավերներ առաջ բերել։ Դրանք ներառում են դատական և վարչական անկախության բացակայություն, կոռուպցիա, տարածքային հակամարտություն և այլն: Հայաստանը ժառանգել էր օլիգարխներով և հովանավորչությամբ լի կառավարություն, մի համակարգ, որտեղ կառավարությունն իրականում չէր ղեկավարում. այն աշխատել է միայն որոշակի էլիտայի օգտին:

Անկախության հետ մեկտեղ քաղաքացիական հասարակության պայքարն այն էր, որ փորձեր կազմաքանդել այս հին համակարգը և այնպես անել, որ գործի ժողովրդավարությունը։ Ահա թե ինչն է ոգեշնչել իմ սերնդին, որը տեսել է անցում դեպի անկախություն։ Մենք ցանկանում ենք կառուցել նոր Հայաստան, ոչ թե այն, որտեղ ապրել են մեր ծնողները, այլ այնպիսի Հայաստան, որտեղ մեր երեխաները կունենան երկրի վերաբերյալ այլ պատկերացում, երկիր, որով կարող ենք հպարտանալ։

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, խաղաղ, ոչ բռնի հեղափոխությունը հանգեցրել է այդ պահին գործող կառավարության հրաժարականին։ Նոր կառավարությունն անմիջապես հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը և քաղաքական հովանավորչության հին համակարգի կանխումը լինելու է իրենց օրակարգի առաջնահերթությունը։ Այդ ժամանակ ես քաղաքացիական հասարակության շրջանում զբաղվում էի մարդու իրավունքների պաշտպանությամբ՝ աշխատելով քաղաքական հարցերի շուրջ տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: 2019 թվականին հրավիրվել եմ՝ լինելու նորաստեղծ ինստիտուտի՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) անդամի թեկնածու։ Հանձնաժողովի հինգ անդամ ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, որոնցից մեկը՝ տվյալ դեպքում ես ընտրվել եմ ԿԿՀ նախագահ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորմամբ և այս կառույցին տրված կարևոր լիազորությունները համարում եմ կենսական դեր, քանի որ այն ցույց է տալիս երկրի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու և հասարակությունը փոխելու կայուն կամքը։ Այն հիմնված է օրենքի գերակայության նկատմամբ ամուր հավատի վրա, որ պետական ինստիտուտները կարող են և պետք է առաջնորդեն ու իրականացնեն հասարակական պահանջով ամրագրված փոփոխությունը։

Իմ առաջնահերթ խնդիրն էր ապահովել ուժեղ և անկախ ինստիտուտի ստեղծումը, որն ունի արդյունավետ կարգավորող դաշտ՝ կանխրգելելու կոռուպցիան և դրանով ցույց տալով, որ Հայաստանը կարող է հաղթահարել իր անցյալի դժվարությունները, ստեղծել նոր ապագա: Հանձնաժողովը ստիպված էր սկսել զրոյից, ընդհուպ՝ զրոյից պակասից, քանի որ մենք աշխատում էինք ոչ թե ոչնչից, այլ արդեն ակտիվորեն վնասող համակարգով և չէինք կարող թույլ տալ, որ գոյություն ունեցող համակարգը շարունակվեր։ Այսպիսով, մենք պետք է ստեղծեինք այլընտրանք։

Երբ Հանձնաժողովը ստեղծվել է, մենք հինգն էինք. այժմ՝ ընդամենը երկու տարի անց, ունենք 45 աշխատակից։ Ունենք վեց վարչություն, որոնք ունեն շատ լայն լիազորություններ՝ կոռուպցիան կանխարգելելու և դրա դեմ պայքարելու գործիքակազմ:

Կոռուպցիայի կանխարգելում նոր առաջնահերթություններ.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր առաջնահերթությունն է կարգավորել, թե ինչպես են Հայաստանի պետական պաշտոնյաները տարեկան հայտարարագրում իրենց ունեցվածքը և շահերի հնարավոր բախումները: Որոշակի ծախսերից բացի՝ պետական պաշտոնյաները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, վերջիններիս հետ փոխկապակցված անձինք պետք է հայտարարագրեն, թե ինչպես են ծախսել գումարը, որպեսզի ապահովվի դրանց օրինականությունը։ Տարեկան հայտարարագիր լրացնողների թիվն ընդամենը երեք տարում տասնապատկվել է՝ 3500-ից հասելով 35000-ի։

Այս ընթացակարգը շատ կարևոր է պետական պաշտոնյաների հաշվետվողականությունն ապահովելու համար։ Մենք պատժամիջոցներ ենք կիրառում, երբ հայտարարագրերում առկա են որևէ անհամապատասխանություն կամ թերի տեղեկատվություն։ Բոլոր այն դեպքերում, երբ կա հիմնավոր կասկած, որ պետական պաշտոնյայի կարողության փոփոխությունը չի կարող արդարացվել նրա օրինական եկամուտներով, մենք գործն ուղարկում ենք ՀՀ գլխավոր դատախազություն։

Անցյալ տարի մեր բացահայտումների հիման վրա հարուցվել են մի քանի կարևոր քրեական գործեր։ Անգամ դատավորներ են հետաքննությունից հետո հեռացվել պաշտոնից, իսկ գործադիր իշխանության որոշ ներկայացուցիչներ ենթարկվել են սանկցիաների՝ ամբողջական հայտարարագրեր չներկայացնելու հիմքով:

Այս քայլերն ազդանշան են բոլոր պետական պաշտոնյաներին և ընդհանրապես հասարակությանը, որ Հայաստանում այլևս չեն հանդուրժվելու անպատժելիությունն ու անօրինական գործարքները: Նրանք պաշտպանում են օրենքի գերակայության սկզբունքը. բոլորը, անկախ նրանից, թե որքան կարևոր կամ լավ կապեր ունեն, հավասար են օրենքի առաջ և կենթարկվեն պատժամիջոցների, ինչպես բոլորը, որոնք խախտել են օրենքը: Այս գործողությունները վկայում են, որ մենք ունենք մի գործիք, որն իսկապես աշխատում է, և երկիրը փոփոխությունների ճանապարհին է:

Մեր աշխատանքի մեկ այլ նոր, բայց կարևոր ասպեկտ է բարեվարքության ստուգումը: Ստեղծել ենք նոր համակարգ, որը հիմնված է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակված մեթոդաբանության վրա՝ ստուգելու անձի անցյալը՝ նախքան որոշակի պաշտոնում նշանակվելը: Մենք դիտարկում ենք անհատի նախկին աշխատանքային պահվածքը, հարստությունը և կապերը՝ համոզվելու համար, որ նրանք չեն օգտագործել իրենց անձնական կապերը կամ ընտանեկան հարաբերություններն անօրինական շահի համար:

2020 թվականից ի վեր՝ ներկայացրել ենք ավելի քան 100 եզրակացություն պաշտոնի նշանակվել պատրաստվող թեկնածուների վերաբերյալ՝ սկսած դատական և դատախազական մարմիններից, մինչև հակակոռուպցիոն և իրավապահ մարմինների պաշտոնյաներ: Այն եզրակացությունները, որտեղ առկա էին բացասական գնահատականներ, վճռորոշ դեր ունեցան մի շարք պաշտոնյաների նշանակման համար. թեկնածուներից ոմանք չնշանակվեցին այն պաշտոններում, որոնց համար դիմել էին։ Սա նաև ազդակ է նոր առաջադրվող թեկնածուներին, որ ընտանեկան կապերի կամ պաշտոնական դիրքի համար այլ անհարկի ազդեցության հենվելու հին համակարգն այլևս անընդունելի է:

Առաջ գնալով՝ նախատեսվում է ընդլայնել այն պաշտոնների շրջանակը, որոնց համար մեր կողմից իրականացվում է բարեվարքության ուսումնասիրություն։ Մեզ համար առաջնային է նաև այս ուղղությամբ բարձրացնել հանրային իրազեկվածությունը, քանի որ կանխարգելումը տարբերվում է պատժից. կանխարգելումը պահանջում է երկարաժամկետ ներդրումներ, այդ թվում՝ վերապատրաստումների և կրթության միջոցով։ Մենք նաև պետք է բարձրացնենք հանրային իրազեկվածությունը կոռուպցիայի վնասների վերաբերյալ և քաղաքացիներին և քաղաքացիական խմբերին դրա դեմ գործելու լիազորություններ տանք:

Շահութաբեր տեխնոլոգիա.
Հանձնաժողովի ստեղծման, կայացման ընթացքում արդե իսկ ուրվագծվում էր դառնում, որ որոշ ժամանակ անձ ձեռք ենք բերելու բավականին մեծ քանակությամբ տվյալներ, որոնք հնարավոր չի լինի վերլուծել ձեռքով: Այսպիսով, դիտարկել ենք ավտոմատացված մոտեցում, մասնավորապես գույքի հայտարարագրերի համար:

Ներկայումս մշակում ենք մի հարթակ՝ օգտագործելով արհեստական բանականությունը և ալգորիթմական որոշումների կայացումը, որը կկառավարի և՛ տվյալների հավաքագրման գործընթացը, և՛ ավտոմատացված հաշվետվություններ կազմելը: Դա մեզ թույլ կտա վերլուծել տվյալները և անմիջապես բացահայտել բացերը. օրինակ, այն կարող է ֆիքսել ինչ-որ արտասովոր փոփոխություն որևէ պետական պաշտոնյայի կարողության մեջ: Տեխնոլոգիան կարող է ոչ միայն օգնել մեզ կառավարել հսկայական քանակությամբ տվյալներ, այլ նաև օգտագործել այն՝ միտումները և հնարավոր սխալ գործողությունները կանխատեսելու համար: Այսպիսով, այն կունենա իսկապես կանխարգելիչ գործառույթ:

Այս համակարգի ստեղծման գործընթացում համագործակցել ենք մասնավոր հատվածի հետ և մշակել վարքագծի կանոնագիրք նաև նրանց համար: Շահերի բախումը, հավասար հնարավորությունները և կանոնների վրա հիմնված կառավարումը պետք է լինի նաև մասնավոր հատվածում: Այս կերպ թվային տեխնոլոգիաների զարգացումը կօգնի բարելավել հասարակության նորմերը:

Սոցիալական և մասնագիտական նորմերի փոփոխություն.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքն է՝ ապահովել, որ պետությունն ունենա ինստիտուցիոնալ և համակարգային մոտեցում կոռուպցիայի կանխարգելման հարցում, և որ ինստիտուտներն իրենք լինեն դիմակայուն կոռուպցիայի դեմ։ Մենք թիրախավորում ենք բոլոր այն ոլորտները, որտեղ ավանդաբար տարածվում է կոռուպցիան և որտեղ կա անպատժելիության բարձր աստիճան՝ անպատշաճ գործելու համար: Նաև աշխատում ենք վերաբերմունքը փոխելու ուղղությամբ, որպեսզի հասարակությունը գա այն հանգրվանին, որ օրենքի գերակայությունը չափազանց կարևոր է, իսկ օրինականությունը հարգող անհատն այդ բարձր մշակույթի կրողն է:

Հանձնաժողովը ներկայացնում է նոր տեսակի հասարակական ինստիտուտ։ Կարող է պարզ թվալ, բայց կանանց կողմից ղեկավարվող նոր ինստիտուտ ունենալը, որտեղ կանանց մեծամասնությունը հեղինակավոր և ղեկավար պաշտոններում է, արդեն խաղի փոփոխություն է: Դա այն չէ, ինչին սովոր է հայ հասարակությունը, որտեղ ինստիտուտներն ամենից հաճախ ղեկավարում են տղամարդիկ։ Այն անմիջապես փոխում է վերաբերմունքը, ոչ միշտ դրական, բայց արդեն առաջարկում է նոր գործելակերպ: Որոշ ժամանակ անց նոր նորմերը ընդունվում են այնպես, կարծես դրանք միշտ գոյություն են ունեցել։

Արդեն կան վարքագծային փոփոխություններ, որոնք կարող եք նկատել պետական պաշտոնյաների շրջանում: Նրանք շատ ավելի զգույշ են դարձել, քանի որ գիտեն, որ մենք լրջորեն ենք վերաբերվում մեր կանոնակարգերին և Հանձնաժողովին վերապահված պատժիչ միջոցներին։ Նրանք գիտակցում են, որ մեր ստուգումներն իրական հետևանքներ են ունենում իրենց և իրենց կարիերայի համար։ Այսօր մենք ավելի քան վստահ ենք, որ մեր աշխատանքը լուրջ է ընդունվում։

Բացի վարքագծի նորմերից՝ կարևոր է նաև բարելավել մեր մասնագիտական չափանիշները։ Խորհրդային ժամանակաշրջանի ժառանգությունն այն է, որ ունենք ֆորմալ ինստիտուտներ, որոնք նախատեսված են ոչ թե պետությանը, այլ ռեժիմին օգուտ բելերլու համար։ Փորձում ենք փոխել դրանք, որպեսզի ավելի պրոֆեսիոնալ գործեն, և օրենքի գերակայությունը հիմնված լինի հստակ կանոնակարգերի վրա, որոնք արդյունավետ ծառայում են մարդկանց: Սա հսկայական և բարդ խնդիր է, որը պահանջում է փոխել գործող օրենսդրությունը, և այդ ամենը փոխկապակցված է. դու փոխում ես մի փոքր կտոր, և համակարգի մնացած մասը տուժում է:

Փոփոխություններ իրականացնելու համար ճիշտ մարդկանց գտնել.
Մեզ հաջողվել է, քանի որ ներկայում Հանձնաժողովի հինգ անդամները մասնագիտացած են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ իրավագիտությունը, տնտեսագիտությունը, աուդիտը և բանկային գործը: Սկզբում մենք դժվարանում էինք համապատասխան կադրեր գտնելու համար, որոնք կունենան համապատասխան մասնագիտություն և գիտելիքներ: Այնուհետև մենք փոխեցինք մեր մոտեցումը և փոխարենը որոշեցինք հավաքագրել լավ երիտասարդների, որոնք ունեն ներուժ, այնուհետև վերապատրաստել նրանց՝ հիմնվելով մեր սեփական մասնագիտական փորձի վրա:

Բոլորը չէ, որ կարող են դա անել. աշխատելով սովորելը պահանջում է որոշակի կարողություններ, ինչպիսիք են հարմարվողականությունը և մի քանի տարբեր հարցերի շուրջ միաժամանակ գործելու կարողությունը: Եթե կարողանում ենք, առաջարկում ենք նաև մասնագիտական ուսուցում: Զարգացման այս մոտեցումն մյուսների համար դառնում է մեզ միանալու խթան: Միևնույն ժամանակ, մենք նաև փորձում ենք համոզել Հայաստանի կառավարությանը՝ Հանձնաժողովի աշխատակազմին տալ ավելի բարձր աշխատավարձ և որոշակի լրամշակել մեզ մոտ կադրերի ընտրության ընթացակարգը։

Ոգեշնչող փոփոխություն.
Իհարկե, այս ամենը երկար, դանդաղ գործընթացի միայն սկիզբն է։ Մենք աշխատում ենք արմատացած շահերի դեմ։ Միշտ գալիս է այն միտքը, որ սահմանափակ ժամանակում մարդը կարող է իրական արդյունքներ ապահովել:

Բայց այս մարտահրավերը նաև մեզ առաջ է տանում։ Նույնիսկ փոփոխության սերմերը տնկելն արդեն արդյունք է, ինչը նախկինում հնարավոր չէր։ Դա նույնպես փոփոխությունների արդյունք է։ Յուրաքանչյուր մեծ գործընթացի սկիզբը միշտ դժվար է, երբ հիմքից պետք է ամեն բան սկսվի։ Մենք չպետք է վախենանք երբեմն ձախողվելուց։ Եթե ամեն օրն ինչ-որ նշան է բերում, թեկուզ փոքր, որ ամեն ինչ փոխվում է, ապա փոփոխությունը հնարավոր է։ Օրվա վերջում, երբ տեսնում եք ձեր կատարած փոփոխությունը, դա նաև ձեզ դրդում է շարունակել հաջորդ օրը:

Հուսով եմ, որ մեր աշխատանքը կոգեշնչի ուրիշներին և կդառնա հետագա փոփոխությունների աղբյուր: Մենք ունենք երիտասարդ անձնակազմ և իմ խնդիրներից մեկը համոզվելն է, որ բոլորն ամեն օր աշխատանքից հետո տուն գնան՝ հստակ պատասխանելով հարցին՝ ի՞նչ եմ արել ես երկրի համար։ Հուսով եմ, որ դա կարող է ունենալ բազմապատկիչ էֆեկտ, որը կտարածվի հասարակության մեջ:

Ես մեր անձնակազմին ասում եմ, որ կարող ենք անմիջապես չտեսնել մեր արածի արդյունքները: Երկիր կառուցելը հեշտ գործ չէ. բայց դա պատիվ է և արտոնություն: Նրանք կարող են հպարտանալ՝ լինելով փոփոխության մաս, նոր մոտեցմամբ նոր հաստատություն ստեղծելով՝ մեզնից հետո եկողների համար լուսավոր ապագա ապահովելու համար:»։