ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման թեմայով հանրային իրազեկման արշավներ՝ մանկավարժների և դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանում

30.09.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի գործունեության ծրագրով նախատեսած է մանկավարժների և դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանակում իրականացնել կոռուպցիայի կանխարգելման, հանրության շրջանում կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության տարածման և բարեվարքության համակարգի վերաբերյալ իրազեկման արշավներ:

«Հակակոռուպցիոն քաղաքականություն և բարեվարքություն» անվանումով հանրային իրազեկման հանդիպումների մեկնարկը տրվել է սեպտեմբերի 29-ին ՀՀ Կոտայքի մարզի հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների և աշակերտների ծնողների մասնակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է Հրազդանում՝ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում։

Որպես բանախոսներ՝ հանդես են եկել Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիները։

Բացի Հանձնաժողովի՝ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քաղաքականության և օրենքով սահմանված լիազորությունների մասից՝ մասնակիցներին ներկայացվել է առաջիկա ծրագրերը՝ կարևորելով կրթության և իրազեկվածության միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի առանձնահատկությունները:

Հանդիպման մասնակիցները, ցուցաբերելով բարձր ակտիվություն, խրախուսել են համանման քննարկումները և պատրաստակամություն հայտնել՝ կրթության կազմակերպման ընթացում վերանայելու դասընթացի բովանդակությունն ու շեշտադրումները: Միաժամանակ կարևորվել է դասավանդման նյութի, կրթության կազմակերպման ժամանակակից  դիդակտիկ պարագաների անհրաժեշտությունը։

Հանձնաժողովը համանման հանդիպումներ առաջիկայում նախատեսում է Հայաստանի Հանրապետության այլ մարզերում և մայրաքաղաքում: