ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԿԿՀ-ն մեկնարկել է մարզային այցերը․ առաջինը ՀՀ Կոտայքի մարզն է

29.09.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի Բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմակերպում է դասընթացներ մարզպետարանների գլխավոր քարտուղարների (տեղակալների),  իրավաբանական, մարդկային ռեսուրսների կառավարման, ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների, բարեվարքության կազմակերպիչների, ինչպես նաև համայնքապետարանների քարտուղարների, իրավաբանական, կադրերի կառավարման, ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Հանձնաժողովի ներկայացուցիչները սեպտեմբերի 28-ին այցելել են Կոտայքի մարզ։ Մարզկենտրոն Հրազդանում Հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, բարեվարքության համակարգի ներդրման, ԿԿՀ-ի գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի գործում կատարված աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Մարզպետարանի այն աշխատակիցներին, որոնք համատեղությամբ կատարում են նաև բարեվարքության կազմակերպչի աշխատանքը, մասնավորապես, հետաքրքրել են իրենց գործառույթներին առնչվող հարցերը։ Հանձնաժողովը «Հայաստանի Բարեվարքություն» ծրագրի հետ միասին պատրաստակամություն են հայտնել նրանց համար ուղեցույցներ մշակել, որոնց շնորհիվ բարեվարքության կազմակերպիչները տեղեկացված կլինեն իրենց աշխատանքի, պարտականությունների և լիազորությունների վերաբերյալ։

Մարզպետարանի աշխատակիցները մտահոգություն են հայտնել, որ երբեմն սահմանափակված են իրենց գործողություններում, քանի որ աշխատակարգային հարաբերությունները թույլ չեն տալիս հետևել և  անհրաժեշտության դեպքում ստուգել վերադասի՝ սորպես հանրային ծառայողի վարքագիծը։

Վերջիններս առաջարկել են, որպեսզի բարեվարքության կազմակերպիչներն ունենան որոշակի ինքնուրույնություն լիազորությունների առավել ազատ շրջանակ: