ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կուսակցությունները տարեկան հաշվետվություններն ու հայտարարագրերը պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. Առաջին ալիքի անդրադարձը

08.09.2022


Հայաստանի 112 կուսակցություն տարեկան հաշվետվություններն ու հայտարարագրերը պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Թեմայի շուրջ Առաջին ալիքի լրագրող Մայա Խաչատրյանը զրուցել է Հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանի հետ։

«Ներկա պահին ընթանում է կուսակցությունների ղեկավար մարմնի անդամների հայտարարագրերի ներկայացման գործընթաց։ 70 կուսակցությունից արդեն ստացել ենք ռեեստրներ՝ իրենց հայտարարատու պաշտոնատար անձանց վերաբերյալ, որոնց հայտարարատուների թիվը մոտ 540 է»,- նշել է Կարեն Հակոբյանը։

Հանձնաժողովը կուսակցությունների ղեկավար մարմնի անդամներին հորդորում է կատարել օրենքի պահանջը և ներկայացնել հայտարարագրերը, միաժամանակ՝ պատրաստել կուսակցությունների 2021 թվականի տարեկան հաշվետվությունները։

«Մինչև սեպտեմբերի 15-ը Հանձնաժողովի կողմից սահմանված ձևաչափով, որը հրապարակվել է Arlis.am կայքում, լրացնել և ներկայացնել համապատասխան հաշվետվությունները՝ հրապարակելով Azdarar.am կայքում և եռօրյա ժամկետում համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»,- նշել է Հակոբյանը։

Հիշեցնենք, որ կուսակցությունների մուտքի և ելքի գումարը 25 մլն դրամ գերազանցելու դեպքում ենթակա են պարտադիր աուդիտի։

Հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ սույն հղումով։