ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԿԿՀ աշխատակիցները տեսակապի միջոցով մասնակցել են «Կոռուպցիայի ազդարարներն Ուկրաինայում. հաջողություններն ու մարտահրավերները» խորագրով համաժողովին

06.09.2022


Սեպտեմբերի 2-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները տեսակապի միջոցով մասնակցել են «Կոռուպցիայի ազդարարներն Ուկրաինայում. հաջողություններն ու մարտահրավերները» խորագրով համաժողովին։

Քննարկմանը մասնակցել են տարբեր երկրների հասարակական կազմակերպությունների, մասնավոր ընկերությունների, ինչպես նաև պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի ընթացքում քննարկվել են ազդարարման համակարգի օպտիմալացման հետ կապված մի շարք խնդիրներ։ Խոսելով ազդարարների պաշտպանության մասին՝ հատուկ ուշադրություն է դարձվել օրենսդրությամբ ամրագրված նրանց պաշտպանության երաշխիքներին, ընդգծվել, որ այս առումով շատ կարևոր է կիրառել Եվրոպական խորհրդի որոշումները։

Անդրադարձ է կատարվել նաև մշտական ազդարարների հնարավոր վտանգին։ Բերված օրինակում ներկայացվել է մշտական ազդարարման մի դեպք, երբ նույն անձը մշտապես ազդարարելով տարբեր դեպքերի վերաբերյալ, արդյունքում միշտ ստացել է օրենսդրությամբ իրեն հասանելիք ֆինանսական փոխհատուցումը։ Վերջինիս հերթական ազդարարման ժամանակ հարուցվել է քրեական վարույթ, և քննության արդյունքում պարզ է դարձել, որ մեղադրվող անձի մեղքը բացակայում է, քրեական վարույթն արհեստածին է, ազդարարումը՝ կեղծ, իսկ ազդարարը հետապնդել է ֆինանսական շահ։

Բանախոսները ներկայացրել են որոշ դատական նախադեպեր, որոնցում ազդարարի կարգավիճակի հստակեցման վերաբերյալ եղել են խնդիրներ։ Այսինքն, դատավարության ժամանակ վիճելի է դառնում անձի կարգավիճակը՝ կապված ազդարար կամ վկա լինելու հետ։ Այս խնդիրը տարբեր դատավորներ տարբեր կերպ են մեկնաբանում. մի դեպքում դատարանը անձին տալիս է վկայի կարգավիճակ, մյուս դեպքում՝ ազդարարի։ 

Ուկրաինայի ներկայացուցիչներն իրենց հերթին ընդգծել են, որ ազդարարման արդյունավետ միջոցներից է էլեկտրոնային հավելվածների միջոցով ազդարարումը։ Դրա մասին է վկայում այն, որ 2021 թվականի ազդարարումների 30 տոկոսը ներկայացվել են հենց էլեկտրոնային հավելվածների միջոցով: Ծրագրային ապահովման ինժեները ելույթ ուենալով նշել է, որ էլեկտրոնային հավելվածները պետք է համապատասխանեն ժամանակակից պահանջներին, օրինակ՝ մարդիկ պետք է հնարավորություն ունենան ազդարարելու ձայնային հաղորդագրությունների միջոցով կամ պետք է ապահովվի զուգահեռ թարգմանություն օտար լեզուների կիրառության դեպքում։

Համաժողովի ընթացքում հատուկ կարևորություն է տրվել նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ազդարարման վերաբերյալ կրթությանը՝ որպես համակարգին խթանող կարևորագույն տարր։