ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Մարդկային ռեսուրսների կառավարումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

19.08.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մարդկային ռեսուրսների կառավարման փորձագետ Սարգիս Միրզոյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի համալրման և կադրերին ներկայացվող պահաջների վերաբերյալ տեղեկատվություն։

Ի՞նչ կադրային քաղաքականություն է որդեգրել Հանձնաժողովը.
Աշխատակազմը համալրել հնարավորինս պրոֆեսիոնալ մասնագետներով՝ որոնք իրենց կերպարով, վարքագծային ցանկացած դրսևորմամբ, ներքին համոզմունքներով նույնական կլինեն կոռուպցիայի կանխարգելման և մերժման առաքելությանը, կցուցաբերեն զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ և պատրաստ կլինեն իրենց ուժերի առավելագույն չափով նպաստել կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտի կայացմանը՝ հասարակության մի զգալի հատվածի բերելով իրավագիտակից դաշտ, պատրաստ կլինեն զինվել մասնագիտական նոր գիտելիքներով, հմտություններով և ունակություններով, Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կայացման գործում կնպաստեն աշխատանքի արդյունավետության ոչ միայն բարձրացմանը, այլև կսահմանեն որակական և քանակական առավել բարձր նշաձող:

Ինչպե՞ս է իրականացվում Հանձնաժողովի անձնակազմի հավաքագրման գործընթացը.
Հանձնաժողովի աշխատակազմը «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով ներառում է ինքնավար, հայեցողական հանրային պաշտոններ, քաղաքացիական ծառայության պաշտոններ և քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող պաշտոններ: Կապված պաշտոնների նման դասակարգումներից՝ նշեմ, որ համալրման գործընթացում ամենաերկարաժամկետը քաղաքացիական ծառայության պաշտոններն են. վերջիններիս համալրման մրցութային գործընթացը գրեթե ամբողջապես ավտոմատացված իրականացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կարգավորումների շրջանակներում՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի՝ hartak.cso.gov.am և cso.gov.am միջոցով: Հայեցողական, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող պաշտոնների համալրումը տեղի է ունենում բաց մրցույթների միջոցով:
Հավաքագրման գործընթացն իրականացվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքի և սոցիալական հարթակների, քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի՝ hartak.cso.gov.am և cso.gov.am միջոցով, ինչպես նաև, միջգերատեսչական համագործակցության արդյունքում, մարդկային ռեսուրսների պատասխանատուների, համալսարանների հետ սերտ համագործակցությամբ` անձնական էլեկտրոնային փոստերի և պաշտոնական կայքէջերում տեղադրված Հանձնաժողովի թափուր հաստիքների մասին հայտարարությունների միջոցով:

Արդյո՞ք Հանձնաժողովն ունի կադրերի համալրման խնդիր.
Այո´, այս պահին Հանձնաժողովում ունենք 14 հաստիքային միավոր պաշտոնների համալրման խնդիր, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետի:

Հիմնականում ի՞նչ մասնագետների կարիք ունի Հանձնաժողովը.
Հիմնականում իրավագիտություն, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, տնտեսագիտություն և գործարար վարչարարություն մասնագիտություն ունեցող մասնագետների:

Ովքե՞ր կարող են աշխատանքի անցնել ԿԿՀ-ում.
Բարձրագույն կրթություն ունեցող, առնվազն հանրային ծառայության մեկ տարվա ստաժ կամ ֆինանսավարկային կամ ֆինանսատնտեսագիտական կամ իրավագիտության ոլորտի առնվազն մեկական կամ համապատասխան մասնագիտությունների գծով առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Վերջին 2 տարվա ընթացքում կադրերի թվաքանակի ինչպիսի՞ փոփոխություն է եղել Հանձնաժողովում, ներկայացնել քանակական տվյալներ.
2020 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարության 1500-Ա որոշմամբ Հանձնաժողովի 40 միավոր հաստիքներից բաղկացած հաստիքացուցակը հաստատվեց, այնուհետև 2021-2022 թվականներին կառավարության համապատասխան որոշումներով առ 2022թ. օգոստոսի 15-ի դրությամբ հաստատվեց Հանձնաժողովի հաստիքացուցակը 57 հաստիքային միավոր (53, այնուհետև 55 և 57):

Արդյո՞ք եղած կադրերը բավարար են Հանձնաժողովի բնական գործունեության համար.
Այս պահին Հանձնաժողովի օրենքով սահմանված կարգով հատկացված փորձագետների և մասամբ Հանձնաժողովի անդամների օգնականների միջոցով ենք փորձում բնականոն գործունեությունը ապահովել, սակայն կարող եմ ասել, որ միանշանակ բուն նեղ մասնագիտական գործառույթ իրականացնող մասնագետների կարիքը միշտ առկա է և տեսանելի: Այժմ մեր ունեցած հաստիքային միավորները ոչ միայն բավական չեն, այլև առկա թափուր հաստիքների պարագայում Հանձնաժողովի աշխատակազմը ներկայից ունեցած ռեսուրսների հաշվին աշխատում է առավելագույն ծանրաբեռնվածությամբ, այդ թվում՝ կրելով թափուր հաստիքների աշխատակիցների ծանրաբեռնվածությունը: