ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հաստատվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը

25.07.2022


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը: Պատասխանատու մարմինները, համաձայն որոշման հավելվածի,  հանրությանը համակարգված կներկայացնեն կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների և բարեփոխումների մերաբերյալ մանրամասներ:

Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների գործունեությունը, գործառույթներն ու օրենքով պատվիրակված մանդատը հանրության շրջանում առավելագույնս ընկալելի դարձնելու նպատակով կկազմակերպվեն տարաբնույթ տեղեկատվական արշավներ: Նախատեսվում է վերապատրաստումներ իրականացնել պետական կառույցների մամուլի քարտուղարների, լրագրողների համար: Կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստում, սեմինարներ կկազմակերպվեն նաև գործարար ոլորտում: Թեմայի շուրջ Առաջին ալիքը զրուցել է ոլորտի մասնագետների հետ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիտորինգի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Հովակիմյանի կարծիքով ոլորտում իրազեկվածության պակաս իսկապես կա։ Օրինակ՝ հանրությունը հաճախ է շփոթում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթները։

«Համապատասխան խնդիրների առկայության դեպքում եթե ազդարարելու անհրաժեշտություն առաջանա, հասարակության անդամները ճիշտ հասցեագրեն նամակները, դիմումները, մարմինները, որոնց գործունեությանը դրանք առնչվում են»,- նշել է Անահիտ Հովակիմյանը։

ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն մոնիտորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանի խոսքով՝ հանրությունն իրազեկվելու է նաև այն հարթակների մասին, որտեղ կարող են ներկայացնել ազդարարում, արձագանքել կոռուպցիոն դեպքի մասին՝ լինի դա հանցագործություն, թե շահերի բախում, թե հանցագործություն չհամարվող ցանկացած դեպք, որը հասարակության յուրաքանչյուր անդամ համարում է, որ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր կամ ինքնին կոռուպցիա է:

Հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտութունը բխում է հասարակական պահանջից, հակակոռուպցիոն ռազմավարությունից, մեր միջազգային պարավորություններից: Ծրագրի նպատակն է, որ հանրությունն առավել համակարգված իրազեկվի կոռուպցիայի դեմ պայքարի մասին, դառնա նաև դրա մասնակիցը: Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի՝ թեմայի անդրադարձը սույն հղումով: