ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Շվեդիայի Մալմոյի համալսարանում կայացած վերապատրաստմանը մասնակցել է ԿԿՀ աշխատակիցը

27.06.2022


2022 թվականի հունիսի 12-ից մինչև հունիսի 25-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Հովակիմյանը մասնակցեց Շվեդիայի Թագավորության Մալմոյի համալսարանում կազմակերպված դասընթացին: Այն կազմակերպվել էր Շվեդիայի կառավարության հովանու ներքո գործող Swedish InstituteAcademy for Young Professionals ծրագրի կողմից և կրում էր “Sustainable Public Management Baltic Sea and Eastern Europe” խորագիրը: Երկփուլ մրցույթի արդյունքում ընտրվել և Շվեդիայի կառավարության կողմից ամբողջովին ֆինանսավորվող ծրագրին մասնակցության հրավեր էին ստացել 29 ներկայացուցիչներ 6 երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բելոռուսից և Լիտվայից:

Մալմոյի համալսարանում դասընթացներ կազմակերպվեցին կայուն հանրային կառավարման, թափանցիկության, ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների ԵՄ-ին լիիրավ անդամակցության գործընթացի, կոռուպցիայի դեմ պայքարի, ճգնաժամների ընթացքում սփյուռքի ներուժի օգտագործման, համատեղ կառավարման և մի շարք այլ թեմաներով: Դասախոսությունները զուգորդվում էին Կոպենհագենում և Մալմոյում տեղակայված ընկերություններ, պետական, հասարակական և միջազգային կազմակերպություններ այցերով:

Վերապատրաստման ամբողջ ընթացքում մասնակիցներին նաև հանձնարարված էր աշխատել թեմատիկ ծրագրերի կազմման վրա: Արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարի/կանխարգելման ոլորտում աշխատանքային փորձառություն ունեցող երիտասարդ մասնագետները  կազմեցին և ներկայացրեցին ծրագիր լրագրողների և լրագրության ֆակուլտետի վարչական անձնակազմի ներկայացուցիչների հետ վերապատրաստողների վերապատրաստում կազմակերպելու մասին: Հունիսի 23-ին տեղի ունեցավ ծրագրի ներկայացումը, որն արժանացավ ժյուրի բարձր գնահատականին և մյուս մասնակիցների հավանությանը:

Հունիսի 24-ին ամփոփվեցին երկու շաբաթների ընթացքում կատարված աշխատանքները և տեղի ունեցավ մասնակիցների դիպլոմների հանձնման արարողությունը:

Դասընթացի շրջանավարտներին նաև ընձեռնվել է հնարավորություն գրել վերապատրաստման թեմատիկային առնչվող մոտ 5000 Եվրո արժողությամբ ծրագրեր, որոնք կֆինանսավորվեն Swedish Institute-ի կողմից: