ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Պետության արտաքին և ներքին ներդրումներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտումը, գնահատումը և կառավարումը. ԿԿՀ պատվիրակության այցը Ուզբեկստան

30.05.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Նարինե Մկրտչյանը և մեթոդական աջակցության վարչության գլխավոր մեթոդաբան Նարինե Ավետիսյանը 2022 թվականի մայիսի 17-ից 22-ը աշխատանքային այցով գտնվել են Ուզբեկստանի Հանրապետությունում:

Նրանք Սամարղանդ քաղաքում մասնակցել են ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի կողմից կազմակերպված «Աջակցելով ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) իրականացմանը՝  Կայուն զարգացման խթանումը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտում գտնվող երկրներում» խորագրով տարածաշրջանային սեմինարին:

Աշխատաժողովին մասնակցել են Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Չինաստանի, Վրաստանի, Հունաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Չեռնոգորիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի հիմնական քննարման թեման եղել է պետության արտաքին և ներքին ներդրումներում, ինչպես նաև պետական գնումներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտումը, գնահատումը և կառավարումը:

Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացվել են Հանձնաժողովի գործունեության ոլորտները, մասնավորապես՝ Հանձնաժողովի կարգավիճակը և լիազորությունների շրջանակը, հայտարարագրման համակարգում առկա առանձնահատկությունները, շահերի և ծախսերի հայտարարագրումը, հայտարարագրման համակարգից օգտվելու, վերլուծություններ անելու հնարավորությունները, կոնկրետ հայտարարագրի վերլուծության համար հիմք հանդիսացող փաստերը, հակակոռուպցիոն դատարանների կազմավորումը, բարեվարքության ստուգման առանձնահատկությունները, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման մեթոդաբանության համար հիմք հանդիսացող ստանդարտները: