ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Պաշտոնյաների ստացած նվերները կհաշվառվեն էլեկտրոնային ռեեստրում. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը

26.05.2022


«Պետական պաշտոնյան ինչ նվեր է ստացել, ում կողմից». հանրային ծառայողների ստացած նվերների նկատմամբ վերահսկողության, թափանցիկության բարձրացման նպատակով մեր երկրում կներդրվի նվերների կենտրոնացված էլեկտրոնային ռեեստր: Այս թեմայով Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի լրագրող Նարե Ոսկանյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության գլխավոր մեթոդաբան Նարինե Ավետիսյանի հետ:
Հիշեցնենք, որ  ԳՐԵԿՈ-ի կողմից ներկայացված հանձնարարականների, ինչպես նաև միջազգային փորձագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները համախմբել մեկ իրավական ակտում, որի նախագիծն այժմ e-draft հարթակում տեղադրված է հանրային քննարկման: Ըստ առաջարկվող կարգավորումների՝ պաշտոն զբաղեցնող անձանց նվերները կհաշվառվեն, որի վերահսկող մարմինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է:
«Ինչպես մնացած հայտարարագրման համակարգի դեպքում նվերների ռեեստրի դեպքում նույնպես լինելու է բաց հանրության համար էլեկտրոնային տարածք, որտեղ մարդիկ կարող են մուտք գործել է տեսնել, ինչու չէ նաև ազդարարման հիման վրա մենք կիմանանք, որ հանրային ծառայողն է ստացել նվեր, որը չի հայտարարագրել», ասել է Նարինե Ավետիսյանը:
«Կան նվերներ, որոնք արգելված են լինելու դրանք դրամական արտահայտության նվերներն են ընդհուպ դրանք չեկեր, մուրհակներ, արժետոմսեր, որևէ խաղային կամ ինչ-որ տոմսեր, որոնք ինչ-որ արժեք են իրենցից ներկայացնելու նաև քննարկվում է կրիպտոարժույթների հետ կապված այդ խիստ արգելքը, որոնք բացարձակ արգելք են լինելու»,-նշել է Նարինե Ավետիսյանը:
Հանրային հեռուստաընկերության նյութն ամբողջությամբ հնարավոր է դիտել Հանձնաժողովի յութուբյան էջում՝ սույն հղումով: