ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիոն դրսևորումների ընկալման վերաբերյալ հարցում՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում

11.05.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Սասուն Համբարձումյանը հարցուպատասխանի ձևաչափով  որոշ մանրամասներ է ներկայացնում Հանձնաժողովի և Համաշխարհային բանկի համագործակցությամբ նախատեսվող պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում կոռուպցիոն դրսևորումների և դրանց ընկալումների վերաբերյալ նախատեսվող հարցախույզից:

Ո՞րն է հարցման անցկացման նպատակը և թիրախային խումբը:

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում առաջին անգամ նախատեսվում է անցկացնել հետազոտություն, որի նպատակն է պարզել, թե ինչպիսի ընկալումներ կան կոռուպցիայի, դրանց պատճառների և հետևանքների վերաբերյալ: Հակված ենք այն կարծիքին, որ այսօրինակ հարցումը կնպաստի պարզելու հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում բարեվարքության ռիսկեր պարունակող գործոնները, կատարվող աշխատանքի հաշվետվողականության թույլ և ուժեղ կողմերը և աշխատանքի արդյունավետության վրա ազդող հանգամանքները: Հետազոտությունն իրականացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Համաշխարհային բանկի համագործակցությամբ, ինչպես նախորդիվ անդրադարձել ենք մեր կայքի հրապարակումներում՝ այս երկու կառույցների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Հարցման թիրախային խումբը հանրային ծառայողներն են՝ ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների քաղաքացիական ծառայողները և ընտրված համայնքների համայնքային ծառայողները:

Մասնակիցների ինչպիսի՞ ընդգրկվածություն է նախատեսվում ունենալ և ե՞րբ է անցկացվելու հարցումը:

Յուրաքանչյուր պետական գերատեսչության մասով մասնակցության թիրախային շեմը կազմելու է նվազագույնը 30%: Սակայն մենք խիստ կարևորում ենք ավելի ընդգրկուն հարցման անցկացումը՝ ավելի մեծ հարցվողների թվով: Պլանավորվում է, որ հարցումը կմեկնարկի 2022 թվականի մայիսի վերջին տասնօրյակում: Հարցախույզի ընթացքում առաջացող ընթացիկ հարցերի դեպքում մեզ կաջակցի Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Դիանա Տեր-Ստեփանյանը, որը հասանելի է dterstepanyan@worldbank.org  էլեկտրոնային փոստով: Ի դեպ, օրեր առաջ Հանձնաժողովի, Համաշխարհային բանկի և պետական կառավարման համակարգի ավելի քան քառասուն բարեվարքության հարցերով կազմակերպչի մասնակցությամբ տեղի է ունեցել առցանց քննարկում, որպեսզի վերջիններս տեղերում կարողանան առավել պատշաճ կազմակերպել հարցախույզը:

Ինչպիսի՞ մեխանիզմներ կամ գործիքներ են օգտագործվում հարցվողներից անկաշկանդ և իրականությանը համապատասխան պատասխաններ ստանալու համար:

Հարցումն իրականացվում է միջազգային հետազոտությունների էթիկական և գաղտնիության ստանդարտներին համապատասխան: Հարցման շրջանակներում ստացված տվյալները ենթակա են Համաշխարհային բանկի` անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությանը: Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից տրվող պատասխաններն ամբողջությամբ գաղտնի են: Համաձայն գործընկերների երաշխիքների՝ հետազոտության արդյունքում ձեռք բերված ամբողջական պատկերը չի կարող կիրառվել անհատական պատասխանների տեսքով և դրանք հասանելի և օգտագործելի են խիստ սահմանափակ թվով մարդկանց շրջանակի համար: Տվյալներն ու արդյունքները հրապարակվելու են ընդհանրացված և լինելու են ամբողջովին անանուն:

Ի՞նչ կտա հարցման մասնակցությունը հանրային ծառայողին:

Հարցախույզի արդյունքում ձևավորվող պատկերը Հանձնաժողովի համար կծառայի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում նախատեսվող բարեվարքությանը միտված վերապատրաստումների օրակարգերի ձևավորմանը: Պատկերավոր ասած՝ Հանձնաժողովի համար ընդհանուր ուղղություններով տեսանելի կլինեն առկա այն խնդիրները, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտում են քաղաքացիներին հնարավոր կոռուպցիոն երևույթներից զերծ, բարձրորակ և արդյունավետ ծառայությունների մատուցմանը:

Հարցախույզը տրամաբանական ընթացքն է Հանձնաժողովի՝ 2021 թվականի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հնչեցված՝ «2022 թվականը Հանձնաժողովի համար հայտարարվում է նաև «բարեվարքության տարի»» արտահայտության: Սրանով մենք որոշակի քարտեզագրում ենք կատարում հետագա գործողությունները թիրախավորված իրականացնելու համար:

Ինչո՞ւ է կարևոր նմանատիպ հարցումների անցկացումը Հայաստանի կառավարության և հանրության համար:

Ինչպես արդեն վերևում նշեցի՝ համանման հարցում՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում կոռուպցիոն երևույթների ընկալման ուղղությամբ անցկացվում է առաջին անգամ: Միգուցե նախկինում եղած լինեն պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում որևէ ուղղությամբ, նկատի ունեմ՝ ոլորտի կամ պաշտոնյաների, համանման հարցումներ, սակայն սա միակն է, որն ընդգրկելու է նման լայն ներկայացուցչականություն՝ հիմնական ասպեկտը ուղղելով այն պաշտոնյաներին, որոնք առավելապես են առնչվում պետական գնումների գործընթացին և կայացնում են որոշումներ:

Այստեղ ուզում եմ առանձնացնել և կարևորել պետական կառավարման համակարգի բարեվարքության հարցերով կազմակերպիչների դերակատարությունը: Ինչպես հայտնի է, այս ինստիտուտը գտնվում է կայացման փուլում և տվյալ գործընթացում Հանձնաժողովի և Համաշխարհային բանկի կողմից պատվիրակվել է տեղերում հարցախույզի անցկացմանը նպաստելու բավականին մեծ դերակատարություն. այս քայլով փորձ է արվում ընդգծելու նրանց կարևոր դերն ու նշանակությունը տվյալ պետական ինստիտուտում:

Ի դեպ, Հանձնաժողովի և Համաշխարհային բանկի կողմից մշակվել է «Հաճախ տրվող հարցեր» ձևաչափ, որը կարող է նպաստել ինչպես հարցախույզի մասնակիցներին, այնպես էլ գործընթացը կազմակերպողներին: