ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում կիրառելի են արտերկրում հաջողված օրինակները

10.05.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ու Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը 2022 թվականի ապրիլի 25-28-ը աշխատանքային այցով գտնվել են Ալբանիայի Հանրապետությունում:

Հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել այնպիսի պետական ինստիտուտների հետ, ինչպիսիք են Բարձրագույն դատական խորհուրդը, Բարձրագույն դատախազական խորհուրդը, Հայտարարագրերի և շահերի բախման աուդիտի բարձրագույն տեսչության (HIDAACI), ինչպես նաև  ԵԱՀԿ Ալբանիայի գրասենյակի,  ԵՄ պատվիրակության, Արդարադատության նախարարության, Ալբանիայի Հելսինկյան կոմիտեի հետ։

Այցելության հիմնական նպատակն էր ուսումնասիրել Ալբանիայում պետական ինստիտուտների բարեփոխման, դատական և իրավական, ինչպես նաև ծանոթանալ կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ինստիտուցիոնալ կառուցակարգերին, դրանց գործառնական ընթացակարգերին, ինչպես նաև արդեն արձանագրված արդյունքներին։ Այցելության թեմատիկ հիմնական թիրախն էր

  • պետական ինստիտուտների բարեփոխման առկա վիճակը,
  • դատավորների զտման (vetting) մեխանիզմները, դրա արդյունքները,
  • կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ կառուցակարգերը։

Ալբանիայում արդեն իսկ կիրառված և կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ հաջողություններ արձանագրած որոշակի գործիքակազմեր օրենսդրական վերանայումներից հետո կարող են օգտագործվել նաև մեր երկրում:

Ալբանիայում գործում է Բարձրագույն դատախազական խորհուրդ, որը բաղկացած է 11 անդամից՝ դատախազներ, քաղհասարակության և փաստաբանական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբան-գիտնականներ։ Վերջիններիս ընտրում է Ազգային ժողովը մրցութային սկզբունքով ձևավորված և Ազգային ժողով ներկայացրած ցուցակից։ Այն դեպքում, երբ Ազգային ժողովը որևէ թեկնածու չի ընտրում, ապա Ազգային ժողով ներկայացրած ցուցակի առաջին երեք անձինք օրենքի ուժով համարվում են ընտրված։

Ալբանիայում առանձնացված է հակակոռուպցիոն դատախազի ինստիտուտը, որը գործում է անկախ, և ի պաշտոնե չի ենթարկվում երկրի գլխավոր դատախազին:

Ալբանիայի հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքներում բավականաչափ գործառույթներ են վերապահված այդ երկրի արդարադատության նախարարությանը: Ալբանիայի արդարադատության նախարարի տեղակալներից մեկը մոտ 30 հոգուց բաղկացած անձնակազմով հանձնառու է հակակոռուպցիոն պետական քաղաքականության ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպման, դրանց իրականացման համար: Այս աշխատակազմի միջոցով են Ալբանիայում կյանքի կոչվում հանրային իրազեկվածության բարձրացմանը միտված ծրագրերը, դատաիրավական համակարգի բարեփոխումների կառուցակարգերի մշակումն ու իրականացման հսկողությունը:

Ալբանիայում գործում է Ակտիվների և շահերի հայտարարագրման բարձրագույն տեսչական մարմին, որի կառավարումը միանձնյա է և բաղկացած է երկու՝ հայտարարագրերի և կառավարման ստորաբաժանումներից:

Հաշվի առնելով, որ Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ արդեն իսկ որոշակի մեխանիզմներ կան մշակված` Հանձնաժողովի ներկայացուցիչները Ալբանիայի գործընկերների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու համագործակցությունը և կազմակերպել այդ երկրի ներկայացուցիչների համար փոխայցելություններ: