ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Մեկնարկում է Հայաստանի պետական հատվածի հաշվետվողականության գնահատման ծրագիրը

06.05.2022


Համաշխարհային բանկն իրականացնում է Հայաստանի պետական հատվածի հաշվետվողականության գնահատում՝ հանրային ծառայողների հարցում:

Հայաստանի պետական հատվածի հաշվետվողականության հետազոտության նպատակն է  օժանդակել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և պետական մյուս մարմիններին` ՀՀ պետական կառավարման համակարգում կոռուպցիայի պատճառները, օրինաչափություններն ու հետևանքները համակողմանիորեն գնահատելու գործընթացում: Հարցումն առաջնորդում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Համաշխարհային բանկի աջակցությամբ:

Պետական ծառայողների հարցումն իրականացվում է Հանձնաժողովի և Համաշխարհային Բանկի` հակակոռուպցիոն և արդարադատության ոլորտում համագործակցության շրջանակում: Ակնկալվում է, որ հարցումը կօգնի և տեղեկատվություն կապահովի ՀՀ կառավարության հակակոռուպցիոն նախաձեռնությունների հետագա պլանավորման համար: Այս աշխատանքի նպատակն է օգնել Հանձնաժողովին և ՀՀ կառավարությանը բարեվարքության ռիսկերը պայմանավորող առավել խորքային գործոնները, տեսնել հաշվետվողականության թույլ համակարգերի ազդեցությունն աշխատանքի արդյունավետության վրա, և ծրագրել հանրային հատվածում բարեվարքության թույլ աշխատակարգերը հաղթահարող ու հակակշռող բարեփոխումներ:

Հարցումն անանուն է, կամավոր և գաղտնի: Տվյալները հավաքագրվելու և վերլուծության են ենթարկվելու անկախ եղանակով`  Համաշխարհային բանկի Բյուրոկրատիայի լաբի  թիմի կողմից, որը նմանատիպ հետազոտություններ է համակարգել ավելի քան 35 երկրներում:

Հարցումն  ուղղված է Հայաստանի ընտրված պետական հաստատությունների, այդ թվում` նախարարությունների և գերատեսչությունների պետական ծառայողներին, ինչպես նաև մարզային իշխանությունների ներկայացուցիչներին:

Հարցումը վերաբերելու է ստորև ներկայացված երեք ուղղություններով.

1) կադրերի հավաքագրում և կառավարում, աշխատանքի արդյունավետության գնահատում, աշխատանքի արդյունավետության հետ կապված պարգևատրումներ,

2) կոռուպցիայի ընկալում, սոցիալական նորմեր, հաշվետվողականություն և թափանցիկություն, բողոքների հասցեագրման մեխանիզմներ,

3) գնումներ, ֆինանսական կառավարում և ծրագրերի իրականացում:

Պետական ծառայողների հարցման շրջանակներում ստացված տվյալները կպահպանվեն՝ համաձայն Համաշխարհային բանկի` անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությանը: Պատասխաններն ամբողջովին գաղտնի են և հետազոտական թիմից դուրս ոչ ոք չի կարողանալու հետագծել անհատական պատասխանները: Պատասխանները լինելու են անհատական, և այս հարցմանը մասնակցելու հրավեր ստացած պետական ծառայողները պետք է հարցումը լրացնեն անձամբ և լինեն անաչառ: Տվյալներն ու արդյունքները հրապարակվելու են ընդհանրացված և լինելու են ամբողջովին անանուն: