ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2022 թվականին նախատեսում է մանկավարժների շրջանում իրականացնել վերապատրաստման ծրագիր

27.04.2022


2022 թվականի ապրիլի 26-ին Հայաստանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Արդարադատության համակարգի ամրապնդման ծրագրի շրջանակներում Հանձնաժողովում հյուրընկալվել է կրթության և վերապատրաստման միջազգային փորձագետ, դոկտոր Օթիլիա Պակուրարին:

Փորձագետը Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցներին, ինչպես նաև գլխավոր մեթոդաբանին ներկայացրել է վերապատրաստման ամբողջական ցիկլի կառավարումը, հարցաշարեր նախագծելու մեթոդները: Փորձագետի խորհրդով աշխատակիցները նախ կատարել են կարիքների վերլուծություն, այնուհետև բաժանվելով խմբերի կազմել են հարցաշարերի նախնական շրջանակ:

Օթիլիա Պակուրարին առաջարկել է կոռուպցիայի կանխարգելման թեմայով ուսուցիչների շրջանում իրազեկվածության ծրագիրն իրականացնել մի քանի փուլով՝ կազմել հարցաշար, ընտրել ֆոկուս խումբ, կազմակերպել հարցազրույց ուսհաստատությունների ղեկավար կազմի հետ:

«Նախքան կոռուպցիայի կանխարգելման թեմատիկայով հանրային իրազեկվածության ծրագրի մեկնարկը՝ հարկավոր է պարզել, թե վերապատրաստման մասնակիցներն ինչպիսի ընկալումներ ունեն թեմայի վերաբերյալ, հարկավոր է հակիրճ, առնվազն հինգ հարցից բաղկացած հարցաշարի միջոցով ի մի բերել վերջիններիս պատկերացումները, որից հետո միայն կազմել ներկայացվելիք նյութերն ու վերապատրաստման օրակարգը»,-նշել է Օթիլիա Պակուրարին:

Փորձագետի օգնությամբ վերապատրաստման մասնակիցները կազմել են հինգ հարցից կազմված հարցաշարի նախագիծ:

Ըստ փորձագետի՝ իրազեկվածության ծրագրի ամենակարևոր քայլը հարցաշարի նախագծումն է, որից կախված է մյուս 2 քայլերի նպատակահարմարությունը: Եթե հարցաշարերի միջոցով Հանձնաժողովը կարողանա հասնել այն նպատակին, որ հիմնական ուղղություններով պատկերացում կազմի, թե ինչպիսի նյութեր ու մեթոդներ են հարկավոր օգտագործել, որպեսզի վերապատրաստման ընթացքում բարձրանա ուսուցիչների իրազեկվածության աստիճանը, ապա մյուս 2 քայլերի անհրաժեշտությունը չի լինի:

Օթիլիա Պակուրարին նաև պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս համագործակցել Հանձնաժողովի հետ նախատեսվող վերապատրաստումների ընթացքում՝ այդ թվում հանդես գալ որպես փորձագետ մանկավարժների հետ վերապատրաստումների ընթացքում: