ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Վարքագծի տիպային կանոնները հիմք են դառնալու հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի մշակման համար

21.04.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Սերոբ Անտինյանը հարցուպատասխանի ձևաչափով  որոշ մանրամասներ է ներկայացրել հանրային ծառայողների վարքագի տիպային կանոնների լրաշակման ընթացքի և այլ առանձնահատկությունների վերաբերյալ:

- Ի՞նչ են վարքագծի տիպային կանոնները և ի՞նչ նպատակով են դրանք մշակվել:

- Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները հանրային ծառայողների վարքագծի սկզբունքներից բխող և դրանց վրա հիմնված վարքագծի մոդելային, ուղենիշային նորմեր են, որոնք հանրային ծառայության բարեվարքության համակարգի բաղադրիչներից են:

Տիպային կանոնները հիմք են լինելու համապատասխան մարմինների կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար համանման կանոնների (կանոնագրքերի) մշակման և սահմանման՝ ելնելով ծառայության յուրաքանչյուր տեսակի ծառայողական առանձնահատկություններից: Տիպային կանոնները մշակվել են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

- Ովքե՞ր են լինելու այս փաստաթղթի շահառուները և ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերը այս գործընթացում:

- Փաստաթղթի ընդունմամբ նախատեսվում է ապահովել հանրային ծառայողների վարքագծի կանոնների միասնական ընկալումը, ներդնել մեխանիզմներ, որոնք ողջ հանրային ծառայության տիրույթում կբերեն համաչափ և նույնական վարքագծի դրսևորման և միտված կլինեն հանրային ծառայության նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը:

Այս իմաստով Տիպային կանոնների առաջին և անմիջական «հասցեատերը» լինելու է հանրային ծառայողը, ով որպես պետության ներկայացուցիչ ծառայություն է մատուցելու հանրությանը: Մյուս կողմից, որպես շահառու հանդես է գալու հենց հանրությունը՝ հանրային ծառայության բարեվարքության համակարգի նկատմամբ հանրային պահանջատիրության ձևավորման իմաստով:

Հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի սկզբունքների մեկնաբանման, ինչպես նաև հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների պահպանման միասնականության ապահովումը Հանձնաժողովի գործառույթներից է և ամրագրված է որպես այդպիսին «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով: Հետևապես, Տիպային կանոնների հաստատումից հետո դրանց կիրարկման միասնականությանը հետևելը լինելու է Հանձնաժողովի գործունեության ուղղություններից մեկը:

- Ի՞նչ գործընթացներով է անցել փաստաթղթի մշակումը:

- Հանձնաժողովը  2021 թվականի ընթացքում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և միջազգային փորձագետի ներգրավմամբ իրականացրել է Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների նախագծի մշակում, ինչին հետևել են նախագծի շուրջ մի շարք քննարկումներ Հանձնաժողովում, և Հանձնաժողովի համապատասխան վարչության կողմից առաջարկությունների/դիտարկումների ուսումնասիրության արդյունքում կատարվել է նախագծի լրամշակում:  Վերը նշված քննարկումներից և լրամշակման գործընթացներից հետո արդեն վերջնական նախագիծը դրվել է հանրային քննարկման:

Հարկ է նշել, որ նախագծի մշակման համար հիմք ենք հանդիսացել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի կողմից հաստատված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի տիպային կանոնները, ՄԹ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Գլոբալ հակակոռուպցիոն ուղեցույցը, Հանրային բարեվարքության վերաբերյալ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հանձնարարականը, այլ միջազգային փաստաթղթեր, ինչպես նաև տարբեր երկրների ներպետական իրավական ակտեր։

Վարքագծի տիպային կանոնների՝ հանրային լայն քննարկումների մեկնարկը տրվել է 2022 թվականի մարտի 15-ին: Հաշվի առնելով, որ Հանձնաժողովը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, Տիպային կանոններն ընդունելու է իբրև ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Տիպային կանոնները հաստատելու մասին որոշման նախագիծը և նախագծի ընդունման հիմնավորումը Կառավարության կողմից սահմանված կարգով հրապարակվել են Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft), ուղարկվել են շահագրգիռ պետական և տարածքային կառավարման մարմիններին: Միաժամանակ, Հանձնաժողովը նախագծի շուրջ կազմակերպել է հանրային քննարկումներ թիրախային խմբերի մասնակցությամբ: Քննարկումներին մասնավորապես հրավիրված են եղել քաղաքացիական հասարակության, մեդիա ոլորտի, գործարար ոլորտի, գիտակրթական, մշակութային համայնքի ներկայացուցիչներ, իրավաբաններ: Նախագիծն առաջացրել է հետաքրքրություն նաև մեդիա դաշտում: Հարցազրույցների միջոցով լուսաբանվել են հանրային քննարկումների ընթացքը և Տիպային կանոնների մշակման/հաստատման ընդհանուր գործընթացը:

- Ինչպիսի՞ կարծիքներ են ստացվել հանրային քննարկումների արդյունքում:

- Ինչպես նշվեց, Տիպային կանոնների նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես պետական համակարգում, այնպես էլ տարբեր կազմակերպութունների մոտ և հանրության լայն շրջանում: Նախագծի վերաբերյալ Հանձնաժողովը ստացել է ավելի քան 400 դիտարկում և առաջարկություն պետական մարմիններից, մասնավոր անձանցից և կազմակերպութուններից, հանրային քննարկումների մասնակից առանձին թիրախային խմբերի ներկայացուցիչներից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակից:  Ընդ որում՝ եղել են և ընդհանրական դիտարկումներ նախագծի վերաբերյալ և վարքագծի կոնկրետ կանոններին վերաբերող հստակ առաջարկություններ, որոնք այս պահին գտնվում են Հանձնաժողովի կողմից ամփոփման փուլում:

Առաջարկներում հատկապես կարևորվել է Տիպային կանոնների իրավական որոշակիության հարցը. Ընդգծվել  է  կանոնների ձևակերպումների հստակեցման, գործող օրենսդրությանը համահունչ լինելու և այլ իրավական ակտերի սահմանումների հետ դրանց միատեսակության ապահովման անհրաժեշտությունը, հնչել են առաջարկներ վարքագծի պարտադիր և խրախուսելի կանոնների տարանջատման նպատակայնության, պարտադիր կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցների, հանրային ծառայողների՝ մասնավոր կյանքում դրսևորած վարքագծի կանոնակարգման, լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով հաղորդակցության վերաբերյալ: 

Ստացված դիտարկումներն ու առաջարկությունները արժեքավոր են, դրանք մեծապես օգտակար կլինեն Նախագծի հետագա լրամշակման և արդյունավետ կիրարկման տեսանկյունից:

- Ո՞ր փուլում է այժմ Տիպային կանոնների նախագիծը:

Ներկայումս ընթանում են Տիպային կանոնների նախագծի վերաբերյալ ստացված առաջարկների ամփոփման աշխատանքները: Հանձնաժողովի պատասխանատու ստորաբաժանման կողմից հավաքագրվել են Նախագծի վերաբերյալ ստացված բոլոր առաջարկությունները: Դրանց հիման վրա առաջիկայում կիրականացվի Նախագծի լրամշակում: Իբրև նորմատիվ իրավական ակտ՝ այն ենթակա է իրավական փորձաքննության ՀՀ արդարադատության նախարարության կողմից, որից հետո միայն կարող է ընդունվել լիազորված մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Փաստաթղթի հաստատումից հետո տեղի կունենա վերջինիս ներկայացուցչական շնորհանդեսը:

- Ե՞րբ է նախատեսվում վերջնականապես այն ընդունել և ի՞նչ է հաջորդելու դրան:

Հանձնաժողովը նախատեսում է ընդունել Տիպային կանոնները մինչև ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջ: Այս փաստաթղթի ընդունմանը կհաջորդի  հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի նախագծերի մշակման և կիրարկման վերաբերյալ Ուղեցույցի ընդունումը, ինչը թույլ կտա պետական մի շարք մարմիններին սույն կանոնների հիման վրա մշակել և ներդնել ծառայության առանձին տեսակների համար ոլորտային կանոնագրքերը: 2022 թվականի երկրորդ կիսամյակում Հանձնաժողովը նախատեսում է մշակել և քննարկման ներկայացնել արդեն հանրային պաշտոն զբաղեցնող որոշակի անձանց վերաբերող, այն է՝ Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի Կանոնագիրքը: