ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել է Հանձնաժողովի՝ 2023թ. բյուջետային ֆինանսավորման հայտը և 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծագիրը

30.03.2022


Առաջնորդվելով ՀՀ վարչապետի՝ 2022 թվականի հունվարի 20-ի N 72-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ տողի պահանջով*՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հրավիրվել էր հանրային քննարկում: Օրակարգում Հանձնաժողովի՝ 2023թ. բյուջեի հայտն էր և 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը:

Հանրային քննարկման նպատակն է բարձրացնել կոռուպցիայի կանխարգելման և դրա հիմնական թիրախների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:

Մասնակցում էին Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի ներկայացուցիչները, որոնց ներկայացվել է ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը, օրենսդրական հիմքերը:

Քննարկման մասնակիցները հանդես են եկել մի քանի առաջարկներով, մասնավորպես՝ բյուջետային հայտում ուշադրություն դարձնել թեմատիկ ֆինանսավորմանը, բյուջեի արդյունքային ցուցանիշներին, գործողությունների կշռին, ծախսատարության հիմնավորմանը, ինչպես նաև քննարկել բյուջետային հայտով նախատեսված միջոցառումների համաֆինանսավորման հարցը:

Մասնակիցներն առաջարկել են դասընթացների արդյունքում նախատեսել մոնիթորինգ, որով հնարավոր կլինի չափել դասընթացի արդյունավետությունը, կիրառելիությունը, ինչպես նաև որպես առանձին գործողություն ներառել հետազոտությունների իրականացում:

Հանրության հետ աշխատանքի թափանցիկության, ինչպես նաև Հանձնաժողովի ծառայությունների հասանելիության կատարելագործման համար առաջարկվեց ԿԿՀ աշխատակազմի աշխատակիցների տվյալների և աշխատանքի մասին նկարագրությունները տեղադրել Հանձնաժողովի պաշտոնական կայքում:

* ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումների անցկացում իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ և քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ՝ ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ամփոփաթերթ) տեղեկատվության ներկայացում: