ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանրությանը պահանջատեր դարձնելը կնպաստի ապագայում բարեվարք հանրային ծառայող ունենալուն

25.03.2022


«Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագծի վերաբերյալ Factor TV-ի քննարկմանը մասնակցում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Սերոբ Անտինյանը, կառավարման փորձագետ Արշակ Սարգսյանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արմեն Խուդավերդյանը։

«Հանրային ծառայողի անաչառ, օբյեկտիվ, բարեվարք վարքագիծը ուղղակի ազդեցություն ունի հանրության կողմից պետության հանդեպ վստահության վրա»,- նշել է Սերոբ Անտինյանը:

Ըստ Արմեն Խուդավերդյանի՝ սա այն միջանկյալ փաստաթուղթն է, որով սահմանվում է, թե հանրային ծառայողների համար ինչպիսի մոդելային կանոններ պետք է լինեն:

«Հանձնաժողովի սկսած աշխատանքը երկար ճանապարհի սկիզբն է, նախնական քայլ, որպեսզի կարողանանք ոլորտային վարքագծի կանոնագրքեր ունենալ»,- ասել է նա:

«ԿԿՀ-ի մշակած նախագիծը միանշանակ տեղին է, և արդյունքը զգալու ենք, սակայն զգալի արդյունքի կհասնենք միայն այն ժամանակ, երբ մեր հասարակության գիտակցական, կրթական մակարդակը, մենթալիտետը պետության կիրառած գործիքակազմի միջոցով կբերենք այն աստիճանի, որ հանրային ծառայողի տիպային կանոնները հանրության համար կլինեն ընկալելի, և հանրությունը ինքը կլինի պահանջատեր»,-ասել է Արշակ Սարգսյանը:

Կառավարման փորձագետը շնորհակալություն է հայտնել նախագիծը մշակողներին և նշել, որ այն բարձր մակարդակի աշխատանք է, որում դետալային անդրադարձ է կատարվել բոլոր իրավիճակներին:

Անդրադառնալով հասարակության դերակատարությանը՝ Սերոբ Անտինյանը նշել է. «Տիպային կանոնների շուրջ լայն հանրային քննարկումը, հանրությանը պահանջատեր դարձնելը կնպաստի ապագայում բարեվարք հանրային ծառայող ունենալուն»:

Factor TV-ի ամբողջական քննարկումը դիտեք այստեղ: