ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Վարչապետից մինչև նախագահ և հանրային ծառայող. ինչպես կգործի վարքագծի կանոնագիրքը․ Factor.am-ը զրուցել է ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ

28.02.2022


Այս պահին ընթացքի մեջ է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնագրքի մշակումը։ Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև:

-Ո՞ւմ է վերաբերելու վարքագծի կանոնագիրքը։

-Եթե պաշտոններով փորձենք մանրամասնել, ապա վարքագծի տիպային կանոնները կտարածվեն ՀՀ նախագահի, վարչապետի, փոխվարչապետների, դեսպանների, իրավական համակարգի ներկայացուցիչների, պատգամավորների, ինչպես նաև քաղծառայողների և բոլոր նրանց վրա, որոնք աշխատում են պետական համակարգում։

-Ե՞րբ կհաստատվեն հանրային ծառայողների վարքագծի կանոնները։

- Վարքագծի կանոնների մշակման աշխատանքներն սկսել ենք 2021 թվականի երկրորդ կեսին։ Նախ, ուզում եմ հատուկ շեշտադրել, որ դրանք միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում են մշակվել։ Այժմ ընթանում են որոշակի իրավական շտկումներ, ինչից հետո նախագիծը կդրվի հանրային քննարկման։ Նախատեսում ենք ապրիլի երկրորդ կեսին հաստատված ունենալ տիպային կանոնները։ Հունվարին հանդիպում և քննարկում ենք ունեցել բարեվարքության կազմակերպիչների հետ, ստացել՝ մի շարք դիտարկումներ, բայց այդքանով չենք սահմանափակվելու, կրկին քննարկումներ ենք ունենալու շահագրգիռ անձանց և քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Վարքագծի կանոնները շատ սպասված, նաև ուշացած են Հայաստանում։

-Հանրային ծառայողների վարքագծի կանոնների առնչությամբ որո՞նք են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները և գործառույթները։

- Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները բխում են վարքագծի սկզբունքներից, որոնք էլ հանրային ծառայությունների բարեվարքության համակարգի 4 բաղադրիչներից են։ Հանձնաժողովի դերը հանրային ծառայողների բարեվարքության համակարգի միասնականության ապահովումն է։ Եթե պրոեկտենք վարքագծի կանոնների վրա, կոնկրետ լիազորությունը հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների հաստատումն է Հանձնաժողովի կողմից, որի վրա արդեն պետք է կառուցվեն և հաստատվեն ոլորտային կանոնների վարքագրքերը։ Տիպային վարքականոնների հավելյալ շերտը ներառվել է, որ յուրաքանչյուր գերատեսչություն իր հայեցողությամբ չկազմի կանոնագրքեր և չունենանք յուրաքանչյուր կառույցի տարբեր բարքերի և կերպարների տեր հանրային ծառայողներ։ Բարեվարքության կանոնների, նաև վարքագծի կանոնների միջոցով Հանձնաժողովը նպատակ ունի հանրության շրջանում սերմանել հանրային ծառայողի այն կերպարը, որը մեզ համար պետք է ընկալելի լինի։ Այսինքն, եթե մինչև հիմա հանրային ծառայողին, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաներին, ընկալել են որպես արտոնյալ և վերնախավային, ապա վարքագծի կանոնների նպատակն է հանրությանը ցույց տալ, որ այդպես չէ, հանրային պաշտոն զբաղեցնող անձն ունի շատ ավելի բարձր պատասխանատվության մակարդակ, թե՛ աշխատանքի, թե՛ վարքագծի, թե՛ պահվածքի տեսանկյունից։

-Ի՞նչ արդյունքների է ակնկալում հասնել հանձնաժողովը վարքագծի կանոնների հաստատմամբ։

- Զարգացած երկրներում այդպիսի մշակույթ կա անձը, հասկանալով, որ, օրինակ, իր վարքագիծն անընդունելի է հասարակության համար, իր կամքով ուղղակի հեռանում է պետական համակարգից։ Մենք դեռևս ճանապարհ ունենք անցնելու, որ հասնենք այդ մշակույթին, մինչ դրան հասնելը՝ այդ ճանապարհը կլինի կարգապահական պատասխանատվության տեսքով։ Այստեղ շատ կարևոր քննարկման առարկա է նաև քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, որ իրենց նկատմամբ կարգապահական պատիժ չի կիրառվելու։ Հենց այստեղից էլ պետք է սկսվի հանրության ընկալումը, հասարակությունը պետք է ուշադիր լինի, թե ով ինչ արեց, որպեսզի հետագայում քաղաքական որոշումների ժամանակ՝ ըստ արժանավույնս արձագանքի այդ արարքներին։ Հանձնաժողովը պատժիչ մարմին չէ, մենք ընդամենը կանխարգելիչ գործառույթ ենք իրականացնում։

- Ի՞նչ պատասխանատվության միջոցներ են կիրառվելու վարքագծի կանոնների խախտման դեպքում։

- Հանձնաժողովը տալու է եզրակացություն՝ խախտում կա, թե ոչ, մեր տված կարծիքն ուղարկելու ենք անմիջական ղեկավարին և արդեն դրա հիման վրա պետք է կիրառվի կարգապահական պատասխանատվություն։ Թե ինչ խստությամբ՝ կախված կլինի խախտման բնույթից, սակայն, որոշակի մեթոդական ուղեցույց կտա հանձնաժողովը, թե ինչպես պետք է գնահատվի խախտման բնույթը։

- Օրեր առաջ «Հետք» էլեկտրոնային թերթը հետաքննության մի փոքր մաս հրապարակեց, ըստ որի՝ Միացյալ Թագավորությունում դեսպան աշխատելու տարիներին, Արմեն Սարգսյանի և նրա քրոջ՝ Կարինե Սարգսյանի անվամբ շվեյցարական բանկում եղել է 10 միլիոնից ավելի շվեյցարական ֆրանկ, որը, սակայն, դեսպան Սարգսյանը չի հայտարարագրել։ Արդյո՞ք հանձնաժողովը բացթողում չի ունեցել ժամանակին բացահայտելու նրա իրական ունեցվածքի չափը։

- Այստեղ խոսքը 2016 թվականի մասին է, այնինչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստեղծվել է 2019 թվականին նոյեմբերին, հետևաբար, սա մեր բացթողումը չէ։ Սակայն Հանձնաժողովն իրականցնում է ամենօրյա մեդիամոնիթորինգ և խնդրահարույց տեղեկությունները դառնում են մեզ համար քննարկման առարկա։ Արմեն Սարգսյանի վերաբերյալ Ձեր նշած հրապարակումից առաջ էլ են եղել հրապարակումներ, ոչ միայն նրա գույքի, այլև զբաղեցրած պաշտոնի հետ կապված և դրանք Հանձնաժողովն ուսումնասիրել է։ Այժմ համապատասխան գործընթացներ են տարվում, այս պահին կատարված հետազոտությունները վերլուծության փուլում են։ Այդ հրապարակումը ևս կավելանա դրանց։

-Արմեն Սարգսյանը հայտարարում է, թե այդ ժամանակ կանխիկ միջոցները չէին հայտարարագրում։ Պատճառաբանությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։

-Կանխկիկ-անկանխիկ տարանջատումն առաջին անգամ իրականացվեց Հանձնաժողովի ձևավորումից հետո՝ հայտարարագրի ձևաչափի մեջ։ Նախկինում հայտարարագրում էին դրամական միջոցները՝ ընդհանուր, չէր նշվում՝ կանխիկ է, թե անկանխիկ։ Օրենքով չի եղել տարանջատում, այսինքն՝ եթե պետք է հայտարարագրի դրամական միջոցները, ուրեմն պետք է հայտարարագրվի անձի ունեցածը։ Հայտարարագրերի վերլուծության և ստուգման ժամանակ մենք նկատել ենք, որ նախորդ տարիներին բանկային հաշիվներում առկա գումարները չեն հայտարարագրվել, լրացվել են կանխիկ միջոցները, բայց դա ոչ թե օրենքի կարգավորման խնդիր է, այլ ավելի շատ՝ ընկալման։ Մենք ձևաչափի մեջ առանձնացրեցինք, որ ավելի հստակեցվի և հանրության համար հասկանալի լինեն անձի ֆինանսական միջոցները։

- Ի՞նչ մեխանիզմ կա ստուգելու պաշտոնյաների դրսի ունեցվածքն ու դրամական միջոցները։ Նույն օֆշորներում գումարներ են ներդնում, արտասահմանում փողեր ու գույք ունեն, ի՞նչ միջոցներ է ձեռնարկում հանձնաժողովը՝ նման դեպքերը բացահայտելու համար։

- Հանձնաժողովը հայտարարագրի վերլուծության շրջանակում ունի բանկային գաղտնիք ստանալու լիազորություն։ Դա վերաբերում է, սակայն, ՀՀ տարածքում գործող բանկերին։ Ինչ վերաբերում է արտասահմանյան ակտիվներին, չեմ կարող ասել՝ ուժեղ գործիքակազմ ունի՞ հանձնաժողովը, թե ոչ։ Սա միայն մեր խնդիրը չէ, որովհետև արտասահմանյան բանկերին դիմելու և տեղեկատվություն ստանալու պրակտիկան իրավապահ մարմիններին է վերապահված։ Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք մեզ համար ևս նման հնարավորություններ բացահայտել։