ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հայտարարագրերի մի քանի առանձնահատկություններ

18.02.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հայտարարագրերի վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Սյուզաննա Օհանյանը մի քանի առանձնահատկություններ է ներկայացնում տարեկան հայտարարագրերի վերաբերյալ:

Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձինք ինչ ժամկետներում և երբվանից պետք է Հանձնաժողով ներկայացնեն իրենց հայտարարագրերը.

Հայտարարատու պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի անդամները 2022 թվականի հունվարի 1-ից հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց 2021 թվականի տարեկան հայտարարագրերը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը ներառում է տեղեկություններ նաև ծախսերի, փաստացի տիրապետվող գույքի վերաբերյալ, ինչպես նաև գույքի, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձի, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն:

Արդյո՞ք տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձինք պետք է Հանձնաժողովի կողմից ծանուցվեն.

Տարեկան հայտարարագրերի լրացման համար Հանձնաժողովը նոր ծանուցումներ չի ուղարկում: Թեև ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, հորդորում ենք չսպասել վերջնաժամկետի ավարտին՝ հաշվի առնելով նաև, որ հայտարարագրման ենթակա տեղեկությունների ճշգրիտ ներկայացման համար հաճախ անհրաժեշտ է լինում ստանալ ճշգրիտ տվյալներ բանկերից, գործատուներից, այլ աղբյուրներից:

Ինչպիսի խնդիրներ են հիմնականում ի հայտ գալիս հայտարարագիր լրացնելիս.

Ելնելով զանգերի մեծ թվաքանակից՝ վերջնաժամկետին մոտ օրերին տեխնիկական աջակցություն տրամադրելը գործնականում շատ է դժվարանում, ինչից ելնելով՝ առաջարկում ենք տարեկան հայտարարագրի լրացումը և հանձնումը կազմակերպել ավելի վաղ:

Կան արդյո՞ք տեղեկատվական աղբյուրներ, որոնք կնպաստեն հայտարարագիր լրացնելիս.

Հայտարարագիրը լրացնելու ընթացքում հարցեր ունենալու դեպքում առաջարկում ենք օգտվել Հանձնաժողովի կայքում տեղադրված բովանդակային և տեխնիկական լրացման ուղեցույցներից, որտեղ հնարավորինս մանրամասն նկարագրված են հայտարարագրում ներառվող տվյալների լրացման վերաբերյալ տեղեկությունները:

Հայտարարագրերի լրացման ընթացքում առաջացած հարցերի դեպքում հայտարարատուները կարող են Հանձնաժողովի հետ կապ հաստատել 012-77-77-19 և 012-77-77-21 հեռախոսահամարների միջոցով կամ ուղարկել նամակ info@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, հայրանունը և կոնտակտային հեռախոսահամարը, քանի որ վերոնշյալ տեղեկությունների բացակայության դեպքում հաճախ հնարավոր չի լինում նույնականացնել դիմողին: