ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2021 թվականի գործունեությունը գնահատել է դրական

17.02.2022


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՈ-ի և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի գնահատման արդյունքների վերաբերյալ առաջարկություններին: Կարևորվել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցներում Հայաստանի վարկանիշի շարունակական բարձրացումը և նշվել, որ այս համատեքստում պետք է հաղորդակից լինել ստացվող ազդակներին:

«Առաջարկները պետք է դիտարկել՝ պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից ելնելով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ինստիտուցիոնալ բարեփոխումները, այդ թվում՝ հակակոռուպցիոն, դատական ոլորտներում, առանցքային նշանակություն ունեն կառավարության համար:

Կարևորվել է բարեփոխումների արդյունքում հանրության շրջանում դատական վճիռների նկատմամբ վստահության բարձրացումը: «Մեր խնդիրն է՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից տրվող վարկանիշներում Հայաստանի իմիջը շարունակական բարձրացնել, այնպես որ պետք է այս հարցում լինենք մաքսիմալ հետևողական»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Հանձնարարվել է գնահատել վերը նշված առաջարկներն ու դրա արդյունքների հիման վրա իրականացնել համապատասխան փոփոխություններ:

Խորհրդին է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը: Տեղեկացվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ստուգվել և վերլուծվել է 210-ից ավելի պաշտոնատար անձի հայտարարագիր, որից 139-ը եղել են դատավորներ: Հավելյալ ստուգվել են նաև վերոնշյալ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների հայտարարագրերը: Արդյունքում՝ հարուցվել են ինչպես կարգապահական վարույթներ, այնպես էլ որոշ գործեր ուղարկվել են դատախազություն: Նշվել է, որ 2021-ի հունիսից վերագործարկվել է ծախսերի հայտարարագրումը ներառող համակարգը, հայտարարագրման լրացման համար վերամշակվել է նոր ձևանմուշ: Նախորդ տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է անհամատեղելիության պահանջների և շահերի բախման 45 դեպք, որոնցից 15-ը՝ մեդիա հրապարակումների հիման վրա: Վերոնշյալ հիմքով հարուցվել է 3 վարույթ: Միաժամանակ, իրականացվել է պետական պաշտոնի հավակնող 103 անձի բարեվարքության ուսումնասիրություն, տրվել են համապատասխան եզրակացություններ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2021 թվականի գործունեությունը խորհրդի կողմից գնահատվել է դրական: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է հանձնաժողովի գործունեության մեխանիզմների շարունակական զարգացման, այդ թվում՝ թվայնացման միջոցով դրանք կատարելագործելու կարևորությունը:

Նիստում անդրադարձ է կատարվել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների և օպերլիազորների ընտրության ընթացքում առաջ եկած խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված առաջարկներին, ինչպես նաև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին», որը ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի տեսագրությունը՝ սույն հղումով: