ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Թվային տեխնոլոգիաներ ինտեգրելով՝ կապահովվի արդյունավետ հանրային հաշվետվողականությունը. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը

16.02.2022


2023 թվականից հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով իրենց հայտարարագիրը կներկայացնեն էլեկտրոնային նոր համակարգի միջոցով: Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է արհեստական բանականությամբ և տեխնոլոգիապես հագեցած ներդրվելիք հայտարարագրման համակարգին՝ նշելով, որ առնվազն 35 հազար անձ տարեկան ներկայացնում է գույքի և եկամուտների մասին հայտարարագիր:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ թվային տեխնոլոգիաների ներդրումն ավելի արդյունավետ կդարձնի կոռուպցիայի կանխարգելումը. «Հայտարարագիրը պարունակում է մինչև 5 բաժին տարբեր տեսակի և խորության տեղեկություններ, որոնց համադրման արդյունքում է, որ հստակ երևում է՝ արդյոք կոնկրետ պաշտոնատար անձը տարվա ընթացքում իր օրինական եկամուտը գերազանցող ծախս կամ գույք, գույքի փոփոխություն իրականացրե՞լ է, թե՞ ոչ: Նման աշխատանքն ուղղակի անհնար է գործող համակարգի միջոցով»:

Գործող համակարգով հայտարարագրերը հավաքագրվում են, հրապարակվում են ՓիԴիԷֆ ֆայլով, վերլուծության համար այն պետք է փոխել այլ ձևաչափի, ինչը նպատակահարմար չէ, մարդկային հավելյալ ռեսուրս է պահանջում: Ներդրվող համակարգով անձը նոր հայտարարագիր ներկայացնելիս ստիպված չի լինի բոլոր դաշտերը լրացնել, նախկինում գրանցված տվյալները կկարողանա ներբեռնել նոր հայտարարագիր:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալքեսանյանի բնութագրմամբ՝ թվային նոր համակարգը կնպաստի ոչ միայն Հանձնաժողովի գործունեությանը, այլև պետական այլ մարմիններին. «Կունենանք ավելի հեշտ օգտագործվող համակարգ, նաև ավելի ճիշտ, ճշգրիտ տվյալների շտեմարաններ ոչ միայն մեզ մոտ, այլ նաև մյուս պետական մարմիններում»:

Հայտարարագրման ռեեստրը մշակում է թվային տեխնոլոգիաներով զբաղվող տեղական կազմակերպություն, իսկ ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Համաշխարհային բանկի կողմից:

Հանրային հեռուստաընկերության անդրադարձն ամբողջությամբ՝ սույն հղումով: