ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարեվարքության ուսումնասիրության հայաստանյան փորձը կարող է լավագույնը ճանաչվել տարածաշրջանում. Հանրայինի անդրադարձը

15.02.2022


Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության ստուգման գործընթացին:

«Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման փուլում Հանձնաժողովն արդեն ներկայացրել է դատավորների թեկնածուների 23 հավակնորդի բարեվարքության եզրակացություն: ՈՒսումնասիրվել է բարեվարքության հարցաթերթիկում ներկայացված տվյալների արժանահավատությունը, անձի գույքային դրությունը, ԶԼՄ- ներում հրապարակված տեղեկատվությունը, կատարվել է ընտանիքի անդամի քրեական ենթամշակույթին հարելու, ներգրավված լինելու վերաբերյալ ուսումնասիրություն»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ԿԿՀ բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության պետ Մարիաննա Բաղինյանը և հավելել, որ բարեվարքության ուսումնասիրությունը նորություն է և միտված է կանխելու ոչ բարեվարք, կոռումպացված անձանց մուտքը, ինչպես նաև նրանց առաջխաղացումը պետական համակարգում:

Թեկնածուն ներկայացնում է բարեվարքության լրացված հարցաթերթիկը, Հանձնաժողովը նախաձեռնում է պետական մարմիններին ուղղված ամբողջ հարցումների գործընթացը, պատասխանները համադրում թեկնածուի ներկայացրած տվյալների հետ, վերհանվում են խնդիրները և դրանց հիման վրա Հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհուրդ կամ ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացնում խորհրդատվական բնույթի եզրակացություններ: «Տրվում է կամ «դրական», կամ «բացասական», կամ «դրական վերապահումով» եզրակացություն: Յուրաքանչյուր մարմին ուսումնասիրելով այն նշանակում կամ չի նշանակում տվյալ անձին պաշտոնին»,- ասել է Մարիաննա Բաղինյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2022 թվականի հունվարի 1-ից տրամադրել է շուրջ 89 դատախազների թեկնածուների, ինչպես նաև դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց վերաբերյալ բարեվարքության եզրակացություններ:

Բարեվարքության գնահատման մեթոդաբանությունը մշակվել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի օգնությամբ, իսկ այդ գործընթացում ներգրավված միջազգային փորձագետների գնահատմամբ այս ուղղությամբ Հայաստանի փորձը կարող է լավագույնը ճանաչվել տարածաշրջանում: