ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Համայնքների հայտարարատու պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները

21.01.2022


Համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի՝ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ձևավորված է 79 համայնք՝ ներառյալ Երևանը:

«Հանրային ծառայության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) սահմանում է, որ հայտարարատու են նաև համայնքների ղեկավարները, նրանց տեղակալները, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարները, ինչպես նաև 15,000 և ավելի բնակչություն ունեցող համայնքի ավագանու անդամները*։

Վերոնշյալ այն անձինք, որոնց պաշտոնեական պարտականությունները դադարեցվել են մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, ըստ Օրենքի՝ պետք է ներկայացնեն միայն պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր։

Եթե պաշտոնատար անձը լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո՝ 30 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում:

Սույն դրույթը կիրառելի չէ, եթե հայտարարատու պաշտոնատար անձը Օրենքին համապատասխան պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր երբևէ չի ներկայացրել: Այդ դեպքում հայտարարատու պաշտոնատար անձը ներկայացնում է պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր**:

Եթե հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը ներկայացնելուց հետո (դադարեցումից ավելի քան 30 օր հետո) մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը նշանակվում (ընտրվում) է հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում:

Միաժամանակ հայտնում ենք, որ խոշորացված համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարները և նրանց ընտանիքի անդամները հայտարարատու չեն, հետևաբար, չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։

Հիշեցնում ենք նաև, որ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները նույնպես հայտարարատու են և Օրենքով սահմանված ժամկետում ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։

* «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մաս. «Սույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են պետական պաշտոն զբաղեցնող անձինք, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք...:»:

** Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մաս. «Եթե հայտարարատու պաշտոնատար անձն իր լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո՝ 30 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է սույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում: Սույն դրույթը կիրառելի չէ, եթե հայտարարատու պաշտոնատար անձը սույն օրենքին համապատասխան պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր երբևէ չի ներկայացրել: Այդ դեպքում հայտարարատու պաշտոնատար անձը ներկայացնում է պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր:»: