ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարեվարքության հարցերով կազմակերպիչները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործընկեր

14.01.2022


2022 թվականի հունվարի 13-ին և 14-ին տեղի է ունեցել պետական կառավարման համակարգի մարմինների բարեվարքության հարցերով ավելի քան 60 կազմակերպիչների մասնակցությամբ աշխատաժողով:

Բացման խոսքով հանդես են եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան ներկայացուցչության ռազմավարության և ծրագրային գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ջուլի Պեկովսկին, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավար Լոուրենս Հելդը:

Մեծապես կարևորելով պետական կառավարման համակարգի մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների դերը մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման գործում՝ Հայկուհի Հարությունյանը հույս է հայտնել, որ այս աշխատաժողովը ոչ միայն բարեվարքության կազմակերպիչների բազմաթիվ հարցերի կպատասխանի, այլև կդառնա լավ սկիզբ հետագա համագործակցության համար:

«Այս ձևաչափով քննարկումն անչափ կարևոր է մեզ համար, քանի որ սրանով հիմք է ձևավորվում Հանձնաժողովի և բարեվարքության հարցերով կազմակերպիչների հետագա փոխգործակցության համար, միաժամանակ մենք ազդարարում ենք, որ Հանձնաժողովը ձեզ ընկալում է որպես մեր երկրի համար, թերևս ամենամեծ չարիքի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում վստահելի գործընկեր և հույս ունենք, որ համատեղ ջանքեր ներդնելու շնորհիվ կկարողանանք Հայաստանի Հանրապետությունում բարձրացնել ինչպես հանրային ծառայողի նկատմամբ քաղաքացիների վստահությունն ու համակրանքը, այնպես էլ քայլ առ քայլ կանխարգելիչ գործողություններով կհասնենք կոռուպցիան առավելագույնս վերացնելու մեր համընդհանուր նպատակին»,-ասել է Հայկուհի Հարությունյանը:

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներին և դերակատարությանը, հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններին (նպատակը, կառուցվածքը, կապը բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության հետ), ինչպես նաև հայտարարագրման համակարգին:

Բանախոսնների ելույթներից հետո աշխատաժողովի մասնակիցները հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, որոնք հիմնականում առնչվել են վարքագծի կանոնների, հայտարարագրման համակարգի և ԿԿՀ գործունեությանը վերաբերող այլ թեմաների, լսել դրանց լուծումների վերաբերյալ պատասխաններ, ինչպես նաև տեղեկացել հետագա անելիքների մասին:

Աշխատաժողովն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ: