ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփել է 2021 թվականը. անցնող տարին թվերով և առաջիկա անելիքները

28.12.2021


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները «Մեդիա կենտրոնում» հանրությանն են ներկայացրել 2021 թվականին Հանձնաժողովի գործունեության որոշ մանրամասներ և անդրադարձել հաջորդ տարվա անելիքներին:

ԿԿՀ անդամ Արամայիս Փաշինյանը ներկայացրել է հայտարարագրման համակարգի, հայտարարատու պաշտոնյաների վերաբերյալ մանրամասներ. «Հաշվետու տարվա ընթացքում կատարվել են շուրջ 170 պաշտոնատար անձանց գույքային դրության ստուգումներ, այդ թվում՝ մոտ 130 դատավորների: Այս թիվը ներառում է պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների բոլոր տարիներին ներկայացված շուրջ 2,500 հայտարարագրերի ուսումնասիրություն։

Ի թիվս այլ աշխատանքների՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդվել են հետևյալ տեղեկատվության հայտարարագրման մեխանիզմները՝

1)  հաշվետու ժամանակահատվածում կատարված և «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ծախսերը, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, կամ օրենքով սահմանված նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է 3 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը (ծախսերը հայտարարագրվում են միայն պաշտոնեական պարտականությունների դադարեցման և տարեկան հայտարարագրերում),

2) հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, սակայն նրա կողմից հաշվետու ժամանակահատվածում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող գույքը,

3)    այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձի, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն»։

Որպես հայտարարագրման համակարգի խնդիր՝ Արամայիս Փաշինյանը նշել է հայտարարագրման էլեկտրոնային համակարգի արդիականացման գործընթացը և հայտնել, որ այս առումով աշխատանքներն արդեն մեկնարկել են:

«Հայտարարագրման էլեկտրոնային համակարգի կառուցման նպատակով  արդեն իսկ սկսվել է համագործակցությունը Sinergy international systems ընկերության հետ»,- ասել է Արամայիս Փաշինյանը:

Հանձնաժողովը 2022 թվականի հունվարի 1-ից իրականացնելու է նաև «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանման և դրանցում առկա տեղեկատվության արժանահավատության և ամբողջականության ստուգումը, ինչպես նաև կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների կողմից ներկայացվող հայտարարագրերի ընդունման, ստուգման և վերլուծության գործառույթը։

Հանձնաժողվի անդամ Լիլիթ Ալեքսանյանը խոսել է հանրային ծառայողների վարքագծի վերահսկման և մեթոդական աջակցության վարչությունների իրականացված աշխատանքների մասին՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է ընդհանուր առմամբ 45 դիմում և մեդիա հրապարակում անհամատեղելիության պահանջների և շահերի բախման վերաբերյալ: Արդյունքում անհամատեղելիության պահանջների վերաբերյալ տրամադրվել է 10 պաշտոնական պարզաբանում, որոնք հիմնականում վերաբերել են հանրային պաշտոնին զուգահեռ այլ վճարովի աշխատանքների կատարմանը կամ որևէ այլ հանրային կամ համայնքային պաշտոն զբաղեցնելուն: Հարուցվել է անհամատեղելիության 3 վարույթ, որոնցից մեկը մարզպետի, մեկը՝ համայնքի ղեկավարի, և մյուսը դատավորի նկատմամբ։

«Դատավորի նկատմամբ անհամատեղելիության պահանջների խախտման եզրակացության հիման վրա դադարեցվել են նրա լիազորությունները։ Նշված վարույթների հիմքում եղել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնին զուգահեռ բիզնես գործունեությամբ զբաղվելու հանգամանքը»,- ասել է Լիլիթ Ալեքսանյանը։

Խոսելով հանրային ծառայողների բարեվարքության համակարգի ամրապնդմանը միտված Հանձնաժողովի աշխտանանքերի մասին Լիլիթ Ալեքսանյանն ասել է. «Մշակվել են հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների և պետական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև համայնքի ղեկավարների և նրանց տեղակալների վարքագծի կանոնագրքի նախագծերը, որոնք ներկայում վերջնականացման փուլում են։ 2022 թվականի հունվար, փետրվար ամիսներին նախատեսվում է նախագծերը ներկայացնել հանրային քննարկումների։ Կկազմակերպվեն մի շարք հանդիպումներ քաղհասարակության ներկայացուցիչների, պետական մարմինների, համայնքային ծառայողների և այլ շահառուների հետ, որպեսզի վարքագծի կանոնների հաստատման գործընթացում ապահովվի առավելագույն ներառականությունը։ Հանձնաժողովն ակնկալում է հանրության սեփականատիրության բարձր դրսևորումը վարքագծի կանոնների նկատմամբ»:

Հաշվետու տարում Հանձնաժողովը մշակել է նաև նվերների ընդունման արգելքի հետ կապված նորացված հայեցակարգ և գործողությունների ծրագիր, որն իր արտացոլումն է ստացել ՀՀ կառավարության գործողությունների ծրագրի նախագծում։ Նախատեսվում է 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մշակել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով նվերների ընդունման արգելքով սահմանված կարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային լավագույն փորձին, հնարավորինս կհստակեցվեն, ինչպես նաև դուրս կբերվի բացառությունների այն լայն շրջանակը, որն առկա է հիմա «Հանրային ծառայության մասին» օրենքում։ Նախատեսվում է նաև ստեղծել նվերների կենտորանացված ռեգիստր, որը կապահովի նվերների հաշվառումը, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողությունը և ողջ գործընթացի թափանցիկությունը։

Լիլիթ Ալեքսանյանը խոսել է նաև անհամատեղելիության պահանջների և շահերի բախման դեպքերի մասին և նշել, որ Հանձնաժողովն աշխատանքի երկու տարիների ընթացքում առնչվել է անհամատեղելիության պահանջների և շահերի բախման հետ կապված մի շարք դեպքերի, որոնց մեծամասնությունը սակայն «Հանրային ծառայության մասին» օրենքի ներկա կարգավորումների շրջանակներում հնարավորություն չեն ընձեռել Հանձնաժողովին հարուցելու համապատասխան վարույթ և ընթացք տալ։

«Դեպքերի մեծամասնությունը, թերևս վերաբերել է պետական գնումների գործընթացին, որտեղ շահերի բախման ներկա կարգավորումներով ֆորմալ ընթացակարգերի պահպանումը զրկում է Հանձնաժողովին վարույթի շրջանակներում այս կամ այն պետական պաշտոն զբաղեցնող անձի իրական ազդեցությունը գնումների գործընթացի, կազմակերպվող մրցույթների և դրանց արդյունքների վրա գնահատելու հնարավորությունից։ Անհրաժեշտ է ընդգծել նաև բիզնես բաժնեմասի հավատարմագրային կառավարման ինստիտուտի անկատարությունը։ Այս իրավակարգավորումները հիմնականում կրում են ձևական բնույթ, բովանդակային տեսանկյունից չեն լուծում բիզնես գործունեության և հանրային պաշտոնի անհամատեղելիության խնդիրը։ Հաշվի առնելով այս և մի շարք այլ խնդիրներ, որոնք արդեն իսկ արձանագրել է Հանձնաժողովը թե՛ վարույթների եզրակացությունների մեջ, թե՛ պաշտոնական կայքում կատարված հրապարակումների միջոցով, Հանձնաժողովը նախաձեռնել է անհամապտեղելիության պահանջների և շահերի բախման կոնցեպտների վերանայման, դրանց՝ միջազգային փորձին համապատասխանեցման աշխատանքներ, որոնք ներկայում ակտիվ ընթանում են և օրենսդրական փոփոխությունների նախագիծը նախատեսում ենք ներկայացնել արդեն 2022 թվականի մայիս ամսվա ընթացքում»,- ասել է Լիլիթ Ալեքսանյանը։

Նա նաև նշել է, որ հանրային ծառայության բարեվարքության համակարգի կատարելագործումն ու ամբողջ ուժով գործարկումը 2022 թվականի Հանձնաժողովի առաջնահերթություններից է այն հնարավոր չէ իրականացնել առանց բարեվարքության կազմակերպիչների ինստիտուտի կայացման. «Այս նպատակով Հանձնաժողովը նախատեսել է մի շարք հանդիպումներ բարեվարքության կազմակերպիչների հետ արդեն հունվար ամսվա ընթացքում, իսկ 2022 թվականի երկրորդ կիսամյակում Հանձնաժողովի ջանքերն ուղղված են լինելու այս ինստիտուտի անկախության երաշխիքների ամրապնդմանը, ընդհանրապես դրա նպատակների և առաքելության հստակեցմանը, և այդ նպատակով անհրաժեշտ օրենսդրական և կառուցվածքային փոփոխությունների նախաձեռնմանը»։

Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթներին և իրավական ապահովմանն է անդրադարձել ԿԿՀ անդամ Նարեկ Համբարձումյանը՝ նշելով, որ հաշվետու տարվա ընթացքում  Հանձնաժողովի  կողմից  հայտարարատուների նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի տարբեր մասերով հարուցվել են թվով 42 վարչական իրավախախտումների վերաբերյալ  վարույթներ, որոնցից 30-ը՝ հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացնելու հիմքով, 10-ը՝   հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու հիմքով, իսկ 2-ը՝ հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտման հիմքով:

«Հայտարարագրերի վերլուծության արդյունքներից ելնելով թվով 5 նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Երկու դեպքում նյութերն ուղարկելու հիմք է հանդիսացել այն, որ հայտարարատուները վերջիններիս հայտարարագրերի վերլուծության արդյունքում չեն ներկայացրել պարզաբանումներ հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ։ Երկու դեպքում պարզվել է, որ հայտարարատուները ստացել են 3.000.000 ՀՀ դրամից ավել գումարի նվիտատվություն կանխիկ եղանակով, ինչը «Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներով չի համարվում օրինական եկամուտ։ Մեկ դեպքում՝ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու կամ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու առերևույթ խախտման հիմքով»,- ասել է Նարեկ Համբարձումյանը։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով Հանձնաժողովի կողմից  հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ հարուցվել են թվով 3 վարույթներ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով։

Նարեկ Համբարձումյանը նշել է, որ նշված վարույթներից 2-ի արդյունքում Հանձնաժողովի կողմից տրվել է եզրակացություն, որ հանրային ծառայողների կողմից թույլ է տրվել անհամատեղելիության պահանջների խախտում և եզրակացություններն ուղարկվել են տվյալ հանրային ծառայողների լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու (քննելու) իրավասություն ունեցող մարմիններ։

Մեկ վարույթի արդյունքում Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ հանրային ծառայողի արարքում բացակայում է անհամատեղելիության պահանջի խախտումը։

Հաշվետու տարվա ընթացքում,  մասնավորապես, Հանձնաժողովի վարույթների և իրավական ապահովման վարչության կողմից ուսումնասիրվել են շուրջ 6 տասնյակից ավելի դիմումներ և գրություններ ինչպես ՀՀ քաղաքացիներից, այնպես էլ պետական մարմիններից և իրավապաշտպան գործունեություն իրականացնող կազմակերպություններից:

Նշված դիմումներից 3-ը վերահասցեագրվել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Հանձնաժողովի կողմից իրականացվող բարեվարքության ուսումնասիրության ընթացքն ու արդյունքները ներկայացրել է ԿԿՀ անդամ Մարիամ Գալստյանը՝ նշելով, որ բարեվարքության ուսումնասիրությունն ունի հստակ նպատակ՝ համապարփակ ուսումնասիրության արդյունքում հնարավորինս կանխել անբարեվարք անձանց նշանակումը պետական պաշտոններում:

«Ինստիտուտի ներդրման փուլից հակակոռուպցիոն քաղաքականությունն ուղղված էր ուսումնասիրություն անցնող պաշտոնների շրջանակի ընդլայնմանը: Այս առումով 2021 թվականին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներից, Սահմանադրական դատարանի դատավորներից, դատավորների թեկնածուների հավակնորդներից բացի՝ բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ ներդրվել էր նաև Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների, դատախազների, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուների, առաջխաղացման ցուցակներում ընդգրկվել ցանկացող դատախազների, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և կոմիտեում այլ ղեկավար և մասնագիտական պաշտոններ զբաղեցնող անձանց համար»,- ասել է Մարիամ Գալստյանը:

2021 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից իրականացվել է պետական պաշտոնի հավակնող 103 անձանց բարեվարքության ուսումնասիրություն, ինչի արդյունքում համապատասխան մարմիններ են ներկայացվել 96 խորհրդատվական բնույթի եզրակացություններ: Մեկ անձի վերաբերյալ եզրակացություն չի ներկայացվել Հանձնաժողովի անդամների ձայների հավասար բաշխման արդյունքում: Իսկ ուսումնասիրություն անցնող անձանցից 6-ը եղել են ԿԿՀ անդամի թեկնածուներ. այս դեպքում Հանձնաժողովն ուսումնասիրում է միայն անձանց գույքային դրությունը:

Մարիամ Գալստյանի խոսքով՝ 96 եզրակացություններից 56-ը եղել են դրական, 8-ը՝ բացասական, 32-ը՝ դրական վերապահումով: Ներկայացված եզրակացություններից 57-ը վերաբերում են դատավորի թեկնածուներին, 2-ը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի թեկնածուներին, 1-ը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուին, 3-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներին, 33-ը՝ դատախազությունում տարբեր պաշտոնների հավակնող անձանց (13-ը՝ ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի թեկնածուներ, 4-ը՝ դատախազների առաջխաղացման ցուցակի դատախազի թեկնածուներ,  9-ը դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվել հավակնող անձինք, 7-ը դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով դատախազների թեկնածուներ: Պաշտոնի հավակնող նշյալ 96 անձից 36-ի դեպքում մրցույթի արդյունքները դեռևս հայտնի չեն: Այս պահի դրությամբ բացասական եզրակացություն ստացած թեկնածուներից 2-ն են նշանակվել պաշտոնում, երկու դեպքում էլ հարցը վերաբերել է դատավորի թեկնածուներին/հավակնորդներին:

Բարեվարքության ուսումնասիրության գործընթացում ի հայտ եկած հիմնական խնդիրը հրապարակային հաշվետվողականությունն  է, այսինքն՝ այն, որ եզրակացությունները հրապարակման ենթակա չեն: Ուստի, գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով Հանձնաժողովը նախատեսում է առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որի շրջանակներում, ի թիվս մի շարք փոփոխությունների, կառաջարկվի նաև համապատասխան մարմնի կողմից որոշում կայացնելուց հետո բարեվարքության եզրակացությունների եզրափակիչ մասը հրապարակել:

«Բարեվարքության ուսումնասիրության մեթոդաբանությունը և հարցաթերթիկը ևս ներկայումս գտնվում են լրամշակման փուլում»,- ասել է Մարիամ Գալստյանը և խոսել առաջիկա անելիքների մասին՝ նշելով, որ հաջորդող երեք ամիսների  ընթացքում բավականին ծավալուն աշխատանք է սպասվում. «Նախանշվում է իրականացնել՝ առնվազն 85 դատախազների թեկնածուների, 60-ից ավելի Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում նշանակման ենթակա առաջխաղացման ցուցակներում ընդգրկվել հավակնող դատավորների թեկնածուների, Հակակոռուպցիոն կոմիտեի մասնագիտական պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ուսումնասիրություն»։

Տարեվերջյան հաշվետու ասուլիսն ամփոփել է ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ ներկայացնելով Հանձնաժողովի կողմից կրթական, հանրային իրազեկվածության և մոնիթորինգին առնչվող թեմաներն ու ֆինանսական ցուցանիշները:

Ըստ այդմ՝ Հանձնաժողովի կողմից իրականացվել է ուսումնասիրություն կոռուպցիայի կանխարգելմանը միտված գործող կրթական ծրագրերի ուղղությամբ, որի ընթացքում հարցումներ է ուղարկվել ՀՀ-ում գործող ԲՈՒՀ-եր: Համադրելով ստացված արդյունքները` պատրաստվել է ամփոփ զեկուցում և այն ներկայացվել է կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներին:

Հայկուհի Հարությունյանն ասել է, որ նախապատրաստվել է համագործակցային միջավայր բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ և կնքվել է համագործակցության հուշագիր՝ ամրագրելով համագործակցային օրակարգը՝ պրակտիկաների կազմակերպում, կրթական ծրագրերի մշակում, ԿԿՀ-ի գործառույթներին առնչվող ավարտական աշխատանքների պաշտպանություն և այլն:

Ինչ վերաբերում է հանրային իրազեկվածության բարձրացմանը՝ Հայկուհի Հարությունյանն ասել է, որ Հանձնաժողովի կայքում հաճախակի տեղադրվող  վերլուծական և տեղեկատվական նյութերից բացի ակտիվորեն համագործակցում ենք ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Անդարդառնալով Հանձնաժողովը բանիմաց և որակյալ կադրերով համալրելուն՝ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ օգտագործվում են գրեթե բոլոր հարթակները, որպեսզի առավելապես լայն շրջանակների հասանելի լինի տեղեկատվությունը՝ մասնակցելու թափուր հաստիքների համար հայտարարվող մրցույթներին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հատկացված «Կոռուպցիայի կանխարգելման համակարգի զարգացման ապահովում» ծրագրի «Կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքության համակարգի զարգացում» միջոցառման շրջանակներում 2021 թվականի ընթացքում հատկացված 250,584.1 հազ. դրամից Հանձնաժողովը 23.12.2021թ դրությամբ  ծախսել է 182,370.4 հազ. դրամ կամ կատարողականը կազմել է 72.8 %: