ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ինչ առանձնահատկություններ ունեն կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրերը. վերապատրաստում՝ ԿԿՀ աշխատակիցների համար

01.12.2021


Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փոխգործակցության շրջանակում իրականացվում են ԿԿՀ աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման ծրագրեր:

Միջազգային փորձագետ, դոկտոր Օթիլիա Պակուարին նոյեմբերի 30-ին ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանին և մի խումբ աշխատակիցների ներկայացրեց կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրերի կազմման, դրանց ընկալման, գնահատման և բարելավման առանձնահատկությունները: 

Ըստ բանախոսի դիտարկումների՝ հանրության շրջանում՝ մասնավորապես, միջին տարիքի քաղաքացիների մոտ, հակակոռուպցիոն կրթությունը և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ ընկալումներն ունեն մի շարք առանձնահատկություններ, որոնցից հատկանշական է այն, որ այս խմբի անձանց սովորելու մոտիվացիան հիմնված է սեփական նախասիրությունների վրա և նրանք պատրաստ են որևէ նոր բան սովորելու միայն այն ժամանակ, երբ ցանկանում են կամ տեսնում են, որ նոր ձեռքբերվող գիտելիքներն անմիջական կիրառելի են և մատուցվում են պրակտիկ փորձի միջոցով:

Ռումինացի փորձագետ Օթիլիա Պակուարին վերապատրաստման ընթացում ներկայացրեց նաև կրթական ծրագրերի մատուցման, լսարանի կողմից դրանց ընկալման որոշակի առաձնահատկություններ և պատասխանեց ԿԿՀ աշխատակիցների հարցերին: Վերապատրաստման ընթացքում ծավալվեց քննարկում հակակոռուպցիոն կրթական ծրագրերի կազմման առանձնահատկությունների մասին: