ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ինչպես հայտարարագրում կատարել փոփոխություն

21.10.2021


Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և հրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով կարող են դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Երբ հայտարարատու պաշտոնատար անձը կամ նրա ընտանիքի անդամը հայտարարագրում հայտնաբերում է անհամապատասխանություն (տվյալներ, որոնք լիարժեք չեն կամ սխալ են լրացվել), կարող է ցանկացած ժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ info@cpcarmenia.am էլեկտրոնային հասցեին դիմում գրել:

Հայտարարագրում փոփոխություն կատարելը կանոնակարգելու նպատակով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մշակել է ուղղման դիմումի ձևաչափ:

Ողջ գործընթացը կարգավորվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 12.11.2020 թվականի N 04-Ն որոշմամբ:

Հանձնաժողովը մերժում է դիմումը, եթե դրանում նշված տվյալի անհամապատասխանությունն արդեն իսկ այլ կերպ բացահայտված է Հանձնաժողովի համար կամ Հանձնաժողովի կողմից: Հայտարարագրված տվյալների անհամապատասխանությունը համարվում է այլ կերպ բացահայտված, եթե դա մինչև հայտարարատուի կողմից Հանձնաժողովին ուղղման դիմում ներկայացնելը բացահայտվել է Հանձնաժողովի կողմից կամ ցանկացած այլ անձի կողմից, որի մասին Հանձնաժողովը տեղեկացվել է, ինչպես նաև այն դեպքում, երբ տվյալ հայտարարատու պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որտեղ որպես ապացույց օգտագործվելու են տվյալ անձի և ընտանիքի անդամների հայտարարագրերը և որը ավարտված չէ, կամ հայտարարատու պաշտոնատար անձի կամ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի նկատմամբ Հանձնաժողովում սկսվել է հայտարարագրերի ստուգում կամ համալիր վերլուծություն կամ առկա է հարուցված վարույթ:

Հայտարարատու անձն իրավասու է ուղղել միայն հայտարարագրի այն տվյալները, որոնց ուղղման համար դիմում է գրել և ստացել է Հանձնաժողովի թույլտվությունը:

Հանձնաժողովը հայտարարագրում փոփոխություն կատարելու դիմումը քննում է տասնօրյա ժամկետում։

Դիմումը բավարարվելու դեպքում հայտարարատուի էլեկտրոնային հասցեին Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի կողմից տասնօրյա ժամկետում ուղարկվում է ուղղում կատարելու թույլտվության վերաբերյալ գրություն:

Հայտարարագրում անհամապատասխանությունը վերացնելու ժամկետը չի կարող գերազանցել Հանձնաժողովի ուղարկած՝ ուղղման վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրը:

Անհամապատասխանությունը վերացնելուց հետո նշված ժամկետում ուղղված հայտարարագիրը չներկայացվելու դեպքում հանձնաժողովը հիմք է ընդունում սկզբնապես ներկայացված հայտարարագիրը:

Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը կարող են հայտարարագրում ուղղում անելու միջոցով վերացնել հայտարարագիրը հանձնելուց հետո՝ քառօրյա ժամկետում:

Դիմումը բավարարվելու դեպքում հայտարարագրում անհամապատասխանությունը վերացնելու ժամկետը չի կարող գերազանցել յոթ աշխատանքային օրը:

Փոփոխված տվյալով հայտարարագիրը նշված ժամկետում չներկայացվելու դեպքում հանձնաժողովը հիմք է ընդունում սկզբնապես ներկայացված հայտարարագիրը:

Դիմումի հիման վրա անհամապատասխանությունը սահմանված ժամկետում վերացնելու դեպքում հանձնաժողովը վարույթ չի հարուցում:

Հայտարարագրում փոփոխություն է կատարվում նաև այն դեպքում, երբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի արդյունքով հանձնաժողովը հայտարարագրում արձանագրում է տվյալների անհամապատասխանություն, որը վերացնելու համար տրամադրվում է եռօրյա ժամկետ:

Հանձնաժողովի կողմից հայտարարագրում ուղղում կատարելու թույլտվություն ստանալուց հետո անհրաժեշտ է՝

  • մուտք գործել համակարգ,
  • «Գրասեղան» բաժնից մուտք գործել «Հանձնված հայտարարագրեր» կամ «Հրապարակված հայտարարագրեր» ենթաբաժինը, որտեղ գտնվում է ուղղման ենթակա հայտարարագիրը,
  • բացել ուղղվող հայտարարագիրը,
  • բացված հայտարարագրի ամենաներքևում սեղմել «Ստեղծել ուղղում հայտարարագիր» կոճակը, տալ համաձայնություն ուղղում կատարելու վերաբերյալ, որից հետո հայտարարագիրը կհայտնվի «Անավարտ հայտարարագրեր» բաժնում,
  • վերադառնալ «Անավարտ հայտարարագրեր» բաժին, բացել հայտարարագիրը, կատարել համապատասխան ուղղումը և հանձնել հայտարարագիրը: