ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը մասնակցել է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) կազմակերպած քննարկմանը

06.10.2021


2021 թվականի սեպտեմբերի 23-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը մասնակցել է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հակակոռուպցիոն և կառավարման կենտրոնի` «Democracy that Delivers» փոդքասթի մինի սերիայի շրջանակում կազմակերպված քննարկմանը: «Հայաստանի հնարավորությունների պատուհանը» խորագրով քննարկմանը մասնակցել են նաև Կոլումբիայի համալսարանի միջազգային և հանրային կապերի պրոֆեսոր Մեթյու Մուրեյը: Փոդքասթը վարել է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի ծրագրի պատասխանատու Փիթեր Գլովերը:
 
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը և  կոռուպցիայի դեմ պայքարի գործում դրա դերին, որի շրջանակում ԿԿՀ նախագահն ընդգծել է հեղափոխության ընթացքում հասարակության մոտ սկիզբ առած պայքարի ցանկությունը կոռուպցիայի և կոռումպացված համակարգի դեմ, որն էլ նաև հանգեցրել է հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարության կողմից հակակոռուպցիոն բարեփոխումների մեկնարկին: Նա նշել է, որ նաև Հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունքում է որպես անկախ և ապաքաղաքական մարմին ձևավորվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
 
Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման պատմությունը և ընդգծել միջազգային գործընկեր-կազմակերպությունների ու նրանց ներկայացուցիչների մեծ ավանդը Հանձնաժողովի ձևավորման ու գործունեության աջակցման գործում: ԿԿՀ նախագահն իր խոսքում հատկապես կարևորել է հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքում հասարակության շրջանում հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որը հնարավորություն կտա հասարակության յուրաքանչյուր անդամին հավատալ իր ուժերին, հավատալ արժանապատիվ կյանք ունենալու գաղափարին և լինել կոռուպցիայից զերծ:
 
Պրոֆեսոր Մեթյու Մուրեյը քննարկման ընթացքում նշել է, որ հակակոռուպցիոն բարեփոխումների մեկնարկից հետո ինքն անձամբ է եղել Հայաստանում, որպեսզի աջակցի բարեփոխումներին և հատկապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորմանը: Նա կարևորել է հակակոռուպցիոն բարեփոխումների նախնական շրջանում, երբ դեռևս ուրվագծվում էին հետագա հակակոռուպցիոն քայլերը, քաղհասարակության և համապատասխան պաշտոնյաների միջև ակտիվ քննարկումներն ու բանավեճերը: Իր համար առավել ուրախալի էր, որ արդյունքում ՀՀ կառավարությունը որոշեց ստեղծել հատուկ մարմին, որի հիմնական գործառույթը կլինի կոռուպցիայի կանխարգելումը:
 
Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի ծրագրի պատասխանատու Փիթեր Գլովերը նշել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստանձնել է հանձնառություն՝ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու հասարակության ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների մոտ վարքագծային փոփոխությունների:
 
Քննարկման ավարտին ԿԿՀ նախագահը, ամփոփելով կատարված աշխատանք, նշել է, որ Հանձնաժողովը ջանք չի խնայում բարեխիղճ կատարել իր ստանձնած պարտավորությունները: Նա նաև հավելել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձնազերված պատերազմը ևս, ադեցություն ունեցավ, որ կոռուպցիայի դեմ պայքարի գործում Հանձնաժողովի անդամներն ու աշխատակիցներն էլ ավելի վճռական հետամուտ լինեն իրենց գործին: