ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև փոխգործակցությունը դրվել է նոր հիմքի վրա

25.09.2021


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի փոխգործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 25-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը:

Հուշագրի նպատակը ՀՊՏՀ-ի հետ կրթական ծրագրերի մշակման և իրականացման, ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպման և անցկացման, կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված կրթական առարկայական ծրագրերի մշակման և մի շարք այլ ոլորտներում համագործակցային կապերի հաստատումն ու դրանց շարունակական զարգացումն է:

ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ողջունելով ՀՊՏՀ ներկայացուցիչներին, ընդգծել է, որ համագործակցության հուշագրի ստորագրումը հատկանշական է ոչ միայն Հանձնաժողովին օրենքով պատվիրակված լիազորությունները կյանքի կոչելու առումով, այլև այս քայլով ընդգծվում է, որ պետական կառավարման մարմինը մեծապես կարևորում է Հայաստանում կրթական ծառայություններ մատուցող հաստատությունների դերն ու նշանակությունը: Նա նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում կլինեն համագործակցության տեսանելի արդյունքներ, իսկ այդ ձեռքբերումներն էլ հիմք կդառնան համագործակցային նոր ուղղությունների զարգացման համար:

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն էլ նշել է, որ ՀՊՏՀ-ն միշտ բաց է հայաստանյան պետական կառավարման մարմինների հետ արդյունավետ համագործակցության համար և հույս է հայտնել, որ այս հուշագիրը կնպաստի ԲՈՒՀ-ի ուսանողների պրակտիկ կրթության կազմակերպմանը և կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը:

Քննարկվել է նաև ԿԿՀ-ն համապատասխան որակավորում և բարձր մասնագիտական կոմպետենցիաներով օժտված ՀՊՏՀ շրջանավարտներով համալրելու, համատեղ գիտահետազոտական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները և այլ հարցեր: