ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է կոռուպցիայի կանխարգելման կրթական ծրագրերի առկա վիճակն ու հետագա անելիքները

17.09.2021


Ժողովրդավարության միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունները» խորագրով աշխատաժողովի պաշտոնական բացմանը հաջորդել է կլոր-սեղան քննարկում, որին մասնակցել են ԲՈՒՀ-երի, տեղական ու միջազգային քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կառույցների ներկայացուցիչներ:

Օրակարգում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված կրթական ծրագրերն էին և առաջիկա անելիքները: Քննարկման մասնակիցները նշել են, որ վերջին տարիներին մշակել և իրականցրել են հակակոռուպցիոն տարբեր կրթական ծրագրեր, խոսել են դրանց առանձնահատկությունների, դժվարությունների և բացթողումների մասին:

Կոռուպցիայի կանխարգելմանը հանձնաժողովը նախորդիվ հարցում էր կատարել Հայաստանում գործող ԲՈՒՀ-երի, կրթական ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների՝ պարզելու վերջին երեք տարվա ընթացքում այս ուղղությամբ իրականացված ծրագրերի բովանդակության, դասավանդողների և օգտագործված գրականության վերաբերյալ տվյալներ:

Հարցման արդյունքի ընդհանրական շեշտադրումները Հանձնաժողովի կողմից ներկայացվել են քննարկման մասնակիցներին, նրանց ուշադրությունը հրավիրելով առկա խնդիրներին, որոնք առավելապես առնչվում են այս ուղղությամբ իրականացվող կրթական ծրագրերի օրինակելի ձևերի բացակայությանը, որի պատճառով կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված կրթական գործընթացները կազմակերպվում է խիստ տարբերակված:

Հաշվի առնելով, որ ԿԿՀ-ին օրենքով պատվիրակված է լիազորություն՝ մշակել կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնել այս ուղղությամբ միջոցառումներ, քննարկմանը ձեռք բերվեց պայմանավորվածություն` կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրերի և հանրային իրազեկվածությանն առնչվող հարցերով խորացնել համագործակցությունը շահագրգիռ կառույցների հետ, իսկ համանման քննարկումները դարձնել առավել ինտենսիվ՝ նպատակ ունենալով ավելի հասցեական դարձնել հանրության շրջանում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ պատկերացումները և կազմակերպված՝ հանրային իրազեկումը: