ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման գործընթացը թևակոխում է նոր փուլ. մեկնարկել է «Հայաստանի բարեվարքություն» ծրագիրը

15.09.2021


Ժողովրդավարության միջազգային օրվա կապակցությամբ սեպտեմբերի 15-ին ԱՄՆ Զարգացման գործակալության աջակցությամբ հրավիրվել էր «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունները» խորագրով աշխատաժողով, որտեղ քննարկվեցին վերջին տարիներին կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրերը, առաջիկա անելիքները և ազդարարվեց «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի մեկնարկը:

Աշխատաժողովի բացմանը ելույթներով հանդես եկան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

Հայկուհի Հարությունյանը ելույթում առանձնահատուկ կարևորեց ժողովրդավարական արժեքներով քաղաքացու դերակատարումը կոռուպցիայի կանխարգելման գործընթացում՝ նշելով, որ ժողովրդավար պետության կայացման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կոռուպցիան է:

Վստահ եմ, որ ժողովրդավարությունն այլընտրանք չունի նաև մեր պետությունում և բոլորիս համատեղ ջանքերը շարունակաբար ծառայեցվում են իրական ժողովրդավարական պետության կայացմանը, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, իսկ պետության միակ խնդիրն է բոլոր ոլորտներում ապահովել մարդու, քաղաքացու արժանապատիվ կյանքը,- ասաց Հայկուհի Հարությունյանը և հավելեց, որ Հանձնաժողովը՝ որպես կանխարգելիչ մարմին, ոչ թե խնդիր ունի վախի, պատժի սպառնալիքի ներքո կառավարել քաղաքացու վարքագիծը, այլ կերտել պատասխանատու, պահանջատեր և բարեվարք քաղաքացի։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում անդրադարձավ 2019-2022 թվականների ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը. Որպես հիմնական առաջնահերթություն նախանշվում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը և այս առումով Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթն Ազգային ժողովն ընդունել է, առաջիկայում կնշանակվի նաև կոմիտեի նախագահը, որից հետո կսկսվի այս կառույցի ձևավորման գործընթացը,-նշեց Սուրեն Գրիգորյանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին բարձր գնահատեց ՀՀ կառավարության՝ կոռուպցիան արմատախիլ անելուն հետամուտ լինելու պատրաստակամությունը և նշեց, որ «Բարեվարքության ծրագիրը», որպես ԱՄՆ ՄԶԳ առաջնային հակակոռուպցիոն նախաձեռնություն կնպաստի ինչպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարությանը՝ պետական կառավարման համակարգում ամրապնդել հանրային ծառայողի բարեվարքությունը:

Համաժողովի պաշտոնական բացմանը հաջորդեց կլոր-սեղան քննարկում, որտեղ ներկայացվեցին վերջին տարիներին բարձրագույն ուսումնական հաստատությունների, տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից կոռուպցիայի կանխարգելման ոլորտում վերջին տարիներին իրականացված կրթական ծրագրերն ու դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև նախանշվեցին հետագա որոշ անելիքներ։