ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

2021 թվականից հայտարարագրման ենթակա ծախսերը

23.07.2021


   2021 թվականի հունվարի 19-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-51-Ն օրենքի համաձայն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք 2021 թվականի հունիսի 1-ից հետո պաշտոնը դադարեցնելու դեպքում՝ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրում և տարեկան հայտարարագրերում՝ սկսած 2021 թվականից, առաջին անգամ ներկայացնում են տեղեկատվություն նաև հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերի վերաբերյալ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ստորև ներկայացնում ենք ծախսերի հայտարարագրմանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների համառոտ նկարագրությունը, ինչը  կնպաստի հետագայում ծախսերի պատշաճ հայտարարագրմանը։

«Հանրային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40.1 հոդվածը սահմանում է, որ հայտարարատու պաշտոնատար անձի (այդ թվում՝ պաշտոնատար անձի ընտանիքի անդամի) կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարված՝ ստորև թվարկված 6 տեսակի ծախսերը ենթակա են հայտարարագրման, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է 3 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը

1) հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսը.

2) շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը.

3) ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը.

4) գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը.

5) վարկի մարմանն ուղղված վճարումները.

6) անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը.

Նույն հոդվածով սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաև վերը նշված 6 կետերում չներառված ցանկացած այլ ծախս (այդ թվում՝ որպես նվիրատվություն տրված գույք), որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է 2 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Ծախսերը հայտարարագրելիս նշվում են՝

1) ծախսի տեսակը.

2) կատարված ծախսի բովանդակությունը.

3) ծախսի չափը (գումարը).

4) ծախսի արժույթը:

Պաշտոնի դադարեցման դեպքում հաշվետու ժամանակահատված է համարվում տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնի դադարեցման օրն ընկած ժամանակահատվածը, իսկ տարեկան հայտարարագրի դեպքում՝ տվյալ տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը:

Ստորև ներկայացնում ենք ծախսերի հայտարարագրման օրինակներ:

Օրինակ 1: Հայտարարատուն հաշվետու տարվա ընթացքում ավտոմեքենայի վերանորոգման համար կատարել է ընդհանուր առմամբ 3,500,000 ՀՀ դրամի ծախս։ Յուրաքանչյուր նորոգման արժեքը չի գերազանցել 2 մլն ՀՀ դրամը։ Տվյալ դեպքում այս ծախսերը ենթակա չեն հայտարարագրման, քանի որ չեն ներառված վերը նշված 6 տեսակի ծախսերի մեջ, և յուրաքանչյուր նորոգման արժեքը չի գերազանցել 2 մլն ՀՀ դրամը։

Օրինակ 2: Հայտարարատուն հաշվետու ժամանակահատվածում մեկնել է հանգստի և տուրիստական փաթեթի համար կատարել է 2,300,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի միանվագ ծախս (ավիատոմս, կեցության ծախսեր)։ Նույն հաշվետու ժամանակահատվածում 500,000 ՀՀ դրամով ձեռք է բերել հանգստյան ուղեգիր: Նշված ծախսերից հայտարարագրման ենթակա է միայն միանվագ կատարված 2,300,000 ՀՀ դրամի ծախսը, քանի որ գերազանցում է 2 մլն ՀՀ դրամը, իսկ 500,000 ՀՀ դրամի ծախսը ենթակա չէ հայտարարագրման, քանի որ չի գերազանցում 2 մլն ՀՀ դրամը և երկու ծախսերի հանրագումարը չի գերազանցում 3 մլն ՀՀ դրամը:

Օրինակ 3: Հայտարարատուն հաշվետու ժամանակահատվածում վճարել է իր երեխայի ուսման վարձը 1,300,000 ՀՀ դրամի չափով։ Նույն ժամանակահատվածում վճարել է նաև մյուս երեխայի ուսման վարձը՝ 800,000 ՀՀ դրամի չափով: Տվյալ դեպքում նշված երկու ծախսերը հայտարարագրման ենթակա չեն, քանի որ առանձին վերցված չեն գերազանցում 2,000,000 ՀՀ դրամը, իսկ հանրագումարով՝ 3,000,000 ՀՀ դրամը:

Օրինակ 4: Հայտարարատուն զբաղվել է գյուղատնտեսությամբ և հաշվետու ժամանակահատվածում կատարել է վարուցանքի, սերմերի, սածիլների գնման, ոռոգման, բուժումների, բերքահավաքի ծախսեր, որոնց հանրագումարը կազմել է 5,000,000 ՀՀ դրամ։ Տվյալ դեպքում, անկախ նրանից, թե որ ծախսի համար ինչքան է վճարվել, ծախսված ամբողջ գումարը ենթակա է հայտարարագրման, քանի որ կատարված բոլոր ծախսերի հանրագումարը գերազանցել է 3 մլն ՀՀ դրամը: