ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Մամուլի հաղորդագրություն

24.05.2021


 ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայաստանի Հանրապետություն, Երեւան, 0009, Կորյուն 15, հեռ. (37412) 77 77 20



Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընտրությանը մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին հարկ է համարում հիշեցնել, որ պատգամավորները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում և որևէ այլ կերպ խախտել պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջները: Անհամատեղելիության պահանջները խախտելը պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք է։

 

Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը, սահմանվել է Սահմանադրությամբ դեռևս 2005 թվականից։  Սահմանադրական նման դրույթն ապահովում է իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի պահպանումը, կանխում է հովանավորչությունը, պետական պաշտոնից բխող պարտականությունների իրականացման վրա հնարավոր ազդեցությունները, ինչպես նաև քաղաքականության ու բիզնեսի սերտաճումը։

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետևողական է անհամատեղելիության պահանջների պահպանումը վերահսկելու գործընթացում և հորդորում է բոլոր քաղաքական ուժերին ընտրական ցուցակներ կազմելուց առաջ և հետագա ողջ գործունեության ընթացքում խստորեն պահպանել Սահմանադրության դրույթները, իսկ հարցերի և պարզաբանումների համար դիմել Հանձնաժողով։

 

Տեղեկացնենք նաև, որ 2020 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել է պաշտոնատար անձանց ներկայացվող անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն, որի ընթացքում ստուգվել է առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև դրանց կառավարման մարմիններում այդ անձանց հնարավոր ներկայացվածությունը։ Հանձնաժողովը ստուգել է ինչպես հայտարարագրված, այնպես էլ չհայտարարագրված առևտրային կազմակերպությունների՝ Հանձնաժողովին հասանելի դարձած փաստաթղթերը, ուսումնասիրել է  Հանձնաժողով ներկայացրած հավատարմագրային կառավարման պայմանագրերը։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել է օրենքի առերևույթ խախտման 9 դեպք։