ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովը քննարկումներ է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչների հետ

27.03.2019

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2019 թվականի մարտի 27-ին հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը, որի կազմում էին ընկերության Գլոբալ քաղաքականության և կառավարման բաժնի հակակոռուպցիոն և բարեվարքության հարցերով խորհրդատու Յանա Վարկովիցը և «Հարավային կովկասում իրավադրույթների համապատասխանեցում եվրոպական չափանիշներին» ծրագրի մշտադիտարկման և գնահատման տարածաշրջանային համակարգող Հրաչ Յարմալոյանը: Այցելության նպատակը հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների քննարկումն էր` 2020 թ․-ի ապրիլից մեկնարկող ընկերության նոր ծրագրի պլանավորման աշխատանքների շրջանակում:
Հանձնաժողովը պատվիրակության անդամների հետ քննարկել է Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը և առաջնահերթությունները` հատուկ ուշադրություն դարձնելով տեղական ինքնակառավարման մարմինների բարեվարքության խնդիրներին և դրանց լուծումների տարբերակներին, ինչպես նաև ընկերության կողմից համայնքներում բարեվարքության խթանման հնարավոր աջակցությանը: Ընկերության ներկայացուցիչներն անդրադարձել են Հանձնաժողովի հետ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությանը` ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հանձնաժողովի արդյունավետ ջանքերը: