ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովն ընդունել է Համաշխարհային Բանկի պատվիրակությանը

25.02.2019

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 25-ին հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` քննարկելու Հայաստանի Հանրապետության և Համաշխարhային բանկի միջև նախատեսվող «Զարգացման քաղաքականության գործառնություն» («DPO») բյուջետային աջակցության վարկային համաձայնագրի նախագծի մշակման համար թիրախային միջոցառումները: ՀԲ-ի պատվիրակության կազմում էին Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ծրագրի ղեկավար Ժենևյեվ Բոյրոն, Հարավային Կովկասի տարածաշրջանում բարեփոխումների համակարգման տարածաշրջանային պատասխանատու, հանրային հատվածի կառավարման առաջատար մասնագետ Կատրին Պլանջեմանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի հանրային կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը:
Հանձնաժողովի ներկայացուցիչները պատվիրակությանն են ներկայացրել Հանձնաժողովի գործունեության արդյունքները ու աշխատանքի խոչընդոտները, վերջին օրենսդրական փոփոխությունների կիրարկման խնդիրները, ինչպես նաև էլեկտրոնային հայտարարագրերի համակարգի կատարելագործման, էլեկտրոնային հայտարարագրերի վերլուծության գործիքների արդյունավետության բարձրացման և իրավապահ մարմինների հետ համագործակցության բարելավման հարցերը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հանրային կառավարման և հակակոռուպցիոն բարեփոխումների առաջնահերթություններն ու կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային մոդելները, ինչպես նաև դրանց ներդրման հնարավորությունները Հայաստանում: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հետագա համագործակցության վերաբերյալ, իսկ Համաշխարհային բանկի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հանձնաժողովի գործունեությունը՝ բարձր գնահատելով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հանձնաժողովի աշխատանքներն ու ջանքերը: