ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՀՀ գլխավոր դատախազություն են ուղարկվել վարույթների նյութեր

02.11.2018

Սույն թվականի ապրիլի 12-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակվել է պաշտոնատար անձանց կողմից 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերի ներկայացման վիճակի վերաբերյալ տեղեկատվություն (http://ethics.am/hy/news/item/2018/04/12/news96/): Ըստ այդմ, սույն թվականի ապրիլի 10-ի դրությամբ Հանձնաժողով չէր ներկայացվել 206 հայտարարագիր:
Վերոնշյալ հայտարարագրերի մասով Հանձնաժողովի նախաձեռնած իրավական գործընթացների արդյունքներով, սույն թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ Հանձնաժողով չներկայացված հայտարարագրերի թիվը զգալիորեն նվազել է՝ հասնելով 5-ի (հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանցից երեքի պաշտոնը ներկայումս դադարեցված է):
Հայտարարագիր չներկայացրած 2 պաշտոնատար անձի մասով վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթը կասեցված է, իսկ մեկի մասով՝ հարուցված է վարույթ «նախազգուշացում» վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելու իրավախախտման հատկանիշներով:
2 պաշտոնատար անձի մասով վարույթների նյութերը, նրանց կողմից իրենց 2017 թվականի (տարեկան) հայտարարագիրը Հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: