ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ներկայացվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը

26.10.2018


Երևանում այսօր ներկայացվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը, որին նախորդել է Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի և ՏՀԶԿ քարտուղարության ներկայացուցիչ Ռուսուդան Միխելիձեի մասնակցությամբ ասուլիսը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն ու հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է միջազգային հանձնառությունների իրականացման և բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունն ու կարևորել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացի լեգիտիմությունը` ՏՀԶԿ հանձնարարականներին համահունչ:
Այսպիսով, մոնիտորինգի զեկույցը փաստում է, որ Հայաստանին ներկայացված 21 հանձնառությունները կատարվել են, ընդ որում, 3-ը՝ ամբողջությամբ, 8-ը՝ զգալիորեն, 10-ը՝ մասնակի: Ամբողջությամբ կատարված գնահատված 3 հանձնառություններից 2 վերաբերում են անմիջապես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Փոխնախարար, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հակակոռուպցիոն ցանցի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի գրանցած հաջողություններն ու առկա խնդիրները: Խոսելով մի շարք կարևոր հակակոռուպցիոն բարեփոխումներից՝ Սուրեն Քրմոյանն առանձնացրել է հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության ոլորտների օրենսդրության մշակումը, Էթիկայի և շահերի բախման ոլորտի օրենսդրական բարեփոխումները, ապօրինի հարստացման քրեականացումը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կարողությունների հզորացումն ու գործիքակազմի բարելավումը, այն է՝ վարչական և քրեական պատասխանատվության սահմանում հայտարարագիր չներկայացնելու, սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու կամ կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար, որի գործնական արդյունքն արդեն իսկ հարուցված շուրջ 500 վարչական վարույթներն են:
Ռուսուդան Միխելիձեն բարձր է գնահատել Հայաստանի գործադրած ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում՝ գնահատելով դրանք գերազանց: Միխելիձեի խոսքով՝ դեռևս այս տարվա մայիսից 10 փորձագետներից կազմված խմբով աշխատել են ներկայացված զեկույցի վրա և արդյունքը գոհացուցիչ է, քանի որ Հայաստանը վերջին 4 տարիների ընթացքում էականորեն բարելավել է հակակոռուպցիոն ներազդման իր ցուցանիշը: Ամփոփելով խոսքը՝ Ռուսուդան Միխելիձեն վստահություն է հայտնել, որ ներկայացվող զեկույցում զետեղված նոր առաջարկ-հանձնարարականները ևս ուղեցույց կլինեն Հայաստանի համար առաջիկա 3 տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նոր նշաձող սահմանելու համար: