ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Բարձրաստիճան պաշտոնատար անձ» օրենսդրական ձևակերպման վերացումը

15.05.2018


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա «Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքում «բարձրաստիճան պաշտոնատար անձ» ձևակերպումն արտացոլված չէ: Դրա օրենսդրական ամրագրումն արդարացված էր մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, երբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավասությունը տարածվում էր միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա: Մինչդեռ ներկայումս Հանձնաժողով գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր ներկայացնելու պարտականություն է սահմանված նաև այլ պաշտոնյաների համար: Բացի այդ, Հանձնաժողովի հենքի վրա ձևավորվող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրավասության շրջանակն ընդլայնված է և առնչվելու է նաև այլ պաշտոնատար անձանց:
Օրենսդրական դեռևս գործող կարգավորումների պայմաններում հստակ չէ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դուրսբերման հայտանիշը: Օրինակ՝ դատախազների մասով բարձրաստիճան պաշտոնատար անձինք են հանդիսանում ՀՀ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազները: Կամ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկում ընդգրկված է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, մինչդեռ դրանում ընդգրկված չեն Դատական դեպարտամենտի ղեկավարը կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամները: