ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի զարգացում

20.04.2018

Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց  շրջանակը` բարձրաստիճան պաշտոնատար անձանցից զատ ներառելով նաև հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց և առանձին խմբերի հանրային ծառայողների:
Նախկինում (մինչև 2017թ. հունիսը) հայտարարագրեր ներկայացնելու պարտականություն ունեին միայն բարձրաստիճան պաշտոնատար անձինք (մինչև 800 անձ): Ներկայումս (2018թ. մարտի դրությամբ) հայտարարագրեր ներկայացնող պաշտոնատար անձանց թիվն ավելացել է շուրջ 4 անգամ (ավելի քան 3200 անձ): 
Հայտարարագրման համակարգում ներդրվել է   «ընտանիքի կազմի մեջ մտնող անձ» ձևակերպումը՝ հայտարարատու պաշտոնատար անձի ամուսին, անչափահաս զավակ, անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձ, ինչպես նաև՝ անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձ: 
Միասնականացվել է հայտարարագրերի  բովանդակությունը: Գույքի ձեռքբերման (օտարման) գործարքների մասով վերացվել են օրենքով սահմանված գումարային շեմերը: 
Ներկայումս պաշտոնատար անձի ընտանիքի անդամները ներկայացնում են միայն տարեկան հայտարարագիր, որտեղ արտացոլված չէ նրանց փաստացի գույքային դրությունը: Պաշտոնը ստանձնելու  հայտարարագրում փաստացի գույքային դրության վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականություն է սահմանվել ընտանիքի բոլոր անդամների համար:
Հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգման նպատակով Հանձնաժողովին հասանելի են արդեն մի շարք մարմինների և կազմակերպությունների (այդ թվում՝ վարկային բյուրոներ և Կենտրոնական դեպոզիտարիա)  տեղեկատվական բազաներ: Տեխնիկական կապակցման աշխատանքների արդյունքում ապահովված է տեղեկատվական բազաների փոխգործարկելիությունը:
Օրենքներով սահմանվել են հայտարարագրմանն առնչվող վարչական իրավախախտումները և հանցագործությունները, դրանց համար պատասխանատվության միջոցները:
Վերազինվել է հայտարարագրերի էլեկտրոնային համակարգը՝ պայմանավորված հայտարարատուների շրջանակի ընդլայնմամբ, շահերի հայտարարագրման նոր համակարգի ներդրմամբ, հայտարարագրերի բովանդակության վերանայմամբ, հայտարարագրերի վերլուծությանն առնչվող նոր կարգավորումների ամրագրմամբ, ապօրինի հարստանալու արարքի քրեականացմամբ, հայտարարագրմանն առնչվող խախտումների համար պատասխանատվության միջոցների սահմանմամբ:
2012-2017թթ. ընթացքում Հանձնաժողովն ընդունել և  հրապարակել է 14907 հայտարարագիր: 
Հայտարարագրված տվյալների առավել բաց ռեժիմով հրապարակայնացման արդյունքում 2017թ. ավելացել է Հանձնաժողովի անմիջական գործառույթներին, կայքէջում հրապարակված հայտարարագրերին վերաբերող  լրատվամիջոցների հրապարակումների թիվը: 
Մինչև 2017թ. հուլիսի 1-ը ներկայացված հայտարարագրերի վերլուծության արդյունքներով տվյալների անհամապատասխանություն է բացահայտվել 178 հայտարարագրում: Հանձնաժողովի նախաձեռնությամբ հայտարարատուները վերացնում են անհամապատասխանությունները:
2017թ. հուլիսի 1-ից 2018թ. մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հայտարարագրերում իրենց կողմից վերհանված անհամապատասխանությունները վերացնելու նպատակով հայտարարատուները Հանձնաժողով են ներկայացրել 453 դիմում:
Մինչև 2017թ. հուլիսի 1-ը հայտարարագիր չներկայացրած, ինչպես նաև՝ ժամկետի խախտմամբ ներկայացրած անձանց ցուցակները հրապարակվել են Հանձնաժողովի կայքում (http://ethics.am/u_files/file/news/2016%20list%20of%20official%20report.pdf):